ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Նա տեղեկացրել է, որ Հակոբ Միհրանյանի ավարտել ՀՀ ազգային ագրարային համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է, Հաշվեքննիչ պալատում աշխատում է 2010 թվականից:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Հակոբ Միհրանյանն իր խոսքում նշել է, որ օրենսդրական բացերի շտկումը, հետհսկողության գործընթացների ամրագրումը, հաշվեքննության առարկայի և հաշվեքննվող օբյեկտին վերաբերվող   ամբողջական տեղեկատվության հասանելիությունն առանցքային քայլեր են հաշվեքննության արդյունավետությունն ապահովելու համար:

«Եթե ինձ վստահվի այդ պաշտոնում աշխատելու պատիվը, ես պարտավորվում եմ ամրապնդել կապը պետական կառավարման և հանրային վերահսկողության միջև: Կպաշտպանեմ նախաձեռնությունները, որոնք խթանում են համագործակցային միջավայրը պետական մարմինների և Հաշվեքննիչ պալատի միջև՝ ապահովելով թափանցիկություն և երկխոսություն, ինչը կնպաստի հանրային կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Հակոբ Միհրանյանը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը:

Հանձնաժողովի քննարկել է նաև ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու մասին որոշման նախագիծը:

Գևորգ Պապոյանն առաջարկել է դեկտեմբերի 18-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ գումարել:

Նիստում կքննարկվի ՀՀ թվային փոխակերպման թվայնացման գործընթացի հաշվետվության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հանձնաժողովը դրական է արձագանքել առաջարկին:

178