Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Երեկ նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը կրկին զանգահարել է Հայաստանի վարչապետին և, ըստ պաշտոնական Երևանի, հավաստիացրել, որ ամերիկյան կողմը շարունակելու է միջնորդական գործունեությունը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Ինքը՝ Օ՛Բրայենը, հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է. - «Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում ես վերստին ընդգծեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն հրադադարի իրենց հանձնառությանը»։

 

«Երկու երկրների ժողովուրդներն էլ շատ են տանջվել», - փաստել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն է կրում կորուստների հիմնական ծանրությունը, քանի որ ենթարկվում է ռազմական հարձակման։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ այս հակամարտությունը պատերազմով չի կարող լուծվել, Թրամփի խորհրդականը նաև հայտարարել է. - «Մենք հորդորում ենք արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից և միանալ գործընթացը բանակցային հուն վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին»։

 

Հայաստանի վարչապետը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1232