
Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո մահացած 15-ամյա աշակերտի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«18.11.2023թ-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել էջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ն, ով նույն օրը դուրս է գրվել։
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
2023 դեկտեմբերի 02-ին ժամը՝ 20:10-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժօգնության ընդունված Ն.Հ.-ն Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեց Աբրահամյանը։
Աբրահամյանն ասաց, որ նախնական տեղեկություններ են ձեռք բերվել նոյեմբերի 18-ին դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ վեճի և քաշքշոցի, դրա ընթացքում նշված անձի վայր ընկնելու մասին.
«Միաժամանակ նաեւ տվյալներ են առկա անչափահասի' շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։
Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի և մահվան միջև պատճառական կապի առկայությունը։ Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։