Անկեղծ ասած՝ իմաստ չեմ տեսնում մասնակցելու, որովհետև կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն անում, չեն կատարում, մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է  հոխորտանք հնչում:  Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ նիստին Հայաստանի չմասնակցելուն:

«Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ շատ վատ է դրսևորել իրեն որպես Ռուսաստանի դաշնակից՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելուց: Այսինքն՝ Ադրբեջանը ինչ ուզեցել մեր տարածաշրջանում արել է, և Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը թվարկեց Ադրբեջանի կողմից իրականացված քայլերը և ավելացրեց. «ՌԴ-ն, ցավոք սրտի, Հայաստանին շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում կամ չի կարողանում, կամ ձև է անում, որ չնակատի, որպեսզի լավ դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,- ասաց նա:

587