Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MANN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Վիկտոր Սարգսյանի գլխավորությամբ: 

 Վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է ու ամբողջությամբ փակել ճանապարհը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Սմբատյանն ու պարեկ Դավիթ Պողոսյանը:

 Վթարի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Այս պահին ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ փորձում են 2 վերամբարձ կռունկների միջոցով ավտոմեքնան տեղափոխել ճանապարհից: 

590