Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց հաստատել ՀՀ-ի նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ-ի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը:
«Շուրջ 935 ուսանողներից 860-ը հետբուհական կրթության համակարգից են և 75 ուսանող՝ ՄԿՈՒ համակարգից, որոնց մասին տեղեկատվություն է հավաքագրվել: Սրանով մենք փոխհատուցում ենք առաջին կիսամյակի ուսման վարձը մոտավորապես 264 մլն դրամի չափով, և գումարը նվիրաբերության պայմանագրերով կհատկացվի համապատասխան ուսումնական հաստատություններին»,- այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը:
Ըստ այս որոշման՝ մինչև բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղի կողմից վարձավճարի փոխհատուցում ստացող ինչպես նաև սեփական միջոցների (ընտանիքի) հաշվին վճարովի համակարգում ընդգրկված սովորողներին, որոնց ընտանիքները 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել են, կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով.
1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից (ՄՈԳ),
2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում: