
Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում են կազմավորել Սուպերլիգա: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը, նշված է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լյուքսեմբուրգում կայացած նիստում որոշում է կայացվել, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է:
Դեռևս 2021 թվականին եվրոպական գրանդ ակումբներից 12-ը, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», փորձեցին կազմավորել սեփական մրցաշարը՝ Եվրոպական Սուպերլիգա անվանումով:
ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ճնշումների ներքո ծրագրերը փլուզվեցին կարճ ժամանակում: Մրցաշարի ստեղծմանն աջակցող ակումբների մեծ մասը հայտարարեց նախագծից դուրս գալու մասին, սակայն «Ռեալն» ու «Բարսելոնան» շարունակեցին պայքարը նախ՝ Մադրիդի դատարաններում, ապա՝ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանում:
Դատարանի որոշմամբ՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»:
Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա: