Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, թե եկեղեցու Կրթական հանձնաժողովը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին անհամաձայնությունների շուրջ իր տեսակետները բազմիցս հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, սակայն, ըստ հոգևորականի, նախկին նախարար Վահրամ Դումանյանը դրսևորել է անզիջում պահվածք, ասել՝ կա՛մ համաձայնեն առաջարկված պայմաններին, կա՛մ այդ էլ չեն ունենա:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ Հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանից:

Նա հաստատել է, որ իսկապես պաշտոնական հանդիպում եղել է, սակայն ոչ այն բովանդակությամբ, ինչ ներկայացրել է Աջապահյանը:

«Իմ նախաձեռնությամբ հանդիպում է եղել Մայր Աթոռի կրթական հանձնախմբի հետ, և հարցը քննարկվել է: Այսօրվա նման հիշում եմ՝ հանդիպմանը ներկա էր Միքայել սրբազանը: Այն, որ խոսվում է ուլտիմատումի մասին, նման բան բան լինել չի կարող. այդ ոճը ընդհանրապես չի եղել: Այն ժամանակ քննարկվում էր առարկան ընդհանրապես չլինելու տարբերակը, եկեղեցին երկու պահանջ ուներ, որ նախ առարկան մնա, երկրորդն էլ դրա ժամաքանակի հետ էր կապված: Ասացի՝ մենք պատրաստ ենք գնալ ընդառաջ Մայր աթոռին, ընդունում ենք ի գիտություն. առարկան կմնա որպես առանձին առարկա, բայց ժամաքանակի առումով նպատակահարմար ենք համարում ավագ դպրոցում անցնել կրկնակի ծանրաբեռնվածությամբ, քան այն, ինչ կա: Այն ժամանակ 7 տարի շաբաթական 1 դասաժամով անցնում էին Հայ եկեղեցու պատմություն, և այդտեղ բազում խնդիրներ կային»,- պարզաբանում է նախկին նախարարը:

Ըստ նրա՝ Աջապահյանը, երբ ասում է՝ տարի, տարով չի չափվում առարկայի ծավալը, այլ ժամաքանակով: Դումանյանի խոսքով՝ առաջարկել են մեկ տարի ավագ դպրոցում կրկնակի ավել ժամաքանակ. «Ես պնդում եմ, որ նման ժամաքանակով կարելի է շատ հետաքրքիր ծրագիր կազմել և բովանդակային նյութ մատուցել ավագ դպրոցում»:

Դումանյանն ասում է՝ այդ խոսակցությունը եղել է կառուցողական, սակայն այսօրվա ասուլիսում տպավորություն ստեղծվեց, թե նախարարությունն ասել է՝ այսպես է ու վերջ. «Ոչ, նման գործելաոճը կոռեկտ չէ, նախարարությունը երբեք այդպես չի վարվել, պետք է իրողությունները չաղավաղել: Անչափ շատ եմ ափսոսում, որ իրենք ոչ մի կերպ չհամաձայնեցին մեր առաջարկած պայմաններին, ասացին՝ ոչ՝ կա՛մ մնում է այնպես, ինչպես կա ժամաքանակի առումով, կա՛մ չենք ընդունում ձեր առաջարկը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

822