ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ասել է, թե հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է և համարվում է պետության կարևորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իրականացման, ինչպես նաև պալատում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, նախագծով առաջարկվել է Հաշվեքննիչ պալատում ծառայություն ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ, և հաշվեքննության կազմակերպմանը վերաբերող խիստ ընթացակարգային հարցերը ՀՊ-ի ներքին իրավական ակտերով կարգավորելու հնարավորություն ընձեռել: Առաջարկվում է ամրագրել բյուջետային մուտքերի, ընդերքօգտագործողների, ԿԲ-ի, հանրային սեփականության հավատարմագրային կառավարիչների, պետական միջոցներ ստացած իրավաբանական անձանց գործունեությունը հաշվեքննելու՝ Հաշվեքննիչ պալատի մանդատը:

Նախատեսվում է հասանելիություն ապահովել օրենքով սահմանված գաղտնիքներին և անհատական տվյալներին՝ միևնույն ժամանակ նախատեսելով պատասխանատվություն այդ տեղեկատվության օգտագործման համար, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի, գործադիր, աուդիտի, էթիկայի, որակի հսկողության կոմիտեների ինստիտուցիոնալ կառուցակարգեր ներդնել:

Որակավորված մասնագետների համար շուկայականին համահունչ վարձատրության հնարավորություն կնախատեսվի, աուդիտորական բնագավառին բնորոշ պաշտոնների դասակարգման և դրանց ներկայացվող որակական պահանջների և հաշվեքննության հետհսկողության մեխանիզմներ կներդրվեն՝ որպես Հաշվեքննիչ պալատի առաջարկները կյանքի կոչելուն և քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունները խթանելուն միտված գործիքակազմ:

225