Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ժիրայր Սամվելի Մխիթարյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Ժիրայր Մխիթարյանի կենսագրական տվյալները, խոսել թեկնածուի աշխատանքային գործունեության մասին:

Թեկնածուի կենսագրությունը` այստեղ:

Ժիրայր Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար: Խոսելով Հաշվեքննիչ պալատի գործունեության ապագայի մասին` նա կարևորել է մարդակենտրոնությունը` նշելով, որ հաշվեքննությունների կենտրոնում պետք է դիտարկել մարդուն և նրա կարիքները:

Բանախոսը կարևորել է նաև համապատասխան որակի աուդիտորական արդյունքներ ունենալը, ինչպես նաև փոխգործակցությունն օրենսդիր և գործադիր մարմինների հետ, որը հնարավորություն կտա ներդաշնակեցված աշխատանքի միջոցով նպաստել հանրային կառավարման բարելավմանը: Բանախոսը նշել է, որ տարիների ընթացքում կուտակած իր աշխատանքային փորձն ու գիտելիքները պատրաստ է ծառայեցնելու Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացմանը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, ֆինանսական աուդիտների հաշվետվությունների թվայնացմանը, համապատասխան օրենքի փոփոխություններին:

Հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կողմ են քվեարկել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությանը: Քվեարկությանը չեն մասնակցել «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները:

98