
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում որոշեց սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի։
ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Սնդիկի մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-84-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով։ «Սնդիկի մասին» օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։
Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ սպառնում են պտղի բնականոն զարգացմանը։ Սնդիկով պայմանավորված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:
Կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N1341-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, ինչն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 12-ից և գործելու է վեց ամիս ժամկետով։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019 թվականից սկսած «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված սնդիկի հավելիչով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը։
«Սնդիկի մասին» օրենքով սահմանված է Հայաստանի Հանրապետությունում սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության արգելք։ Հայաստանի Հանրապետությունում սնդիկ պարունակող արտադրանքի հիմնական շրջանառությունն իրականացվում է արտաքին առևտրի իրականացման (ապրանքների ներմուծման) արդյունքում, ուստի շրջանառությունից դրանց փուլային դուրսբերման նպատակով մշակվել է ներմուծման և արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանող նորմատիվ իրավական ակտի նախագիծ։