Շրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով այսօր հերթական դատական նիստն է կայացել։ Նիստը նախագահել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Մեղադրյալի աթոռին նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյաններն են:

 

Տուժող Սևակ Մելիքսեթյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը չէր ներկայացել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Մելիքսեթյանին նիստի ընթացքում ներկայացնում էր երկրորդ փաստաբան Արամ Ղազարյանը։

 

Մեղադրող կողմը ներկայացրեց գործին առնչվող ապացույցները՝ վկաների ցուցմունքները, տեղանքի զննությունը, դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները։

 

Դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց ապացույցների ցանկը՝ սկսած Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի հարաբերությունների մասին վկայող ցուցմունքներից, վկաների նկարագրություններից մինչև փորձագիտական եզրակացություններ:

Մասնավորապես, Արկադի Բարսեղյանի հեռախոսի զննումից պարզվել է, որ առկա են «Աջարաբեթ» և «Toto gaming» կայքերի այցելությունների վերաբերյալ արձանագրություններ, որոնողական համակարգում պոռնոգրաֆիկ կայքերից են եղել:

 

Մյուս մեղադրյալը` Վրույր Բարսեղյանը, դեպքի նախորդող ժամանակահատվածում պոռնոգրաֆիկ կայքերում տարբեր խաթարված ձևերով տեսագրություններ է որոնել: Առկա են զանգեր թեթև վարք ունեցող կանանց հետ, այցելություններ հանդիպումների կայքեր:

Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7–ը, քանի որ Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ։

Հայտնել ենք, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թ. նոյեմբերի 9-ին։

6105