Հայաստանում  2023 թվականին մարդկանց վրա թափառող  շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45:

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով  քննարկման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։

«2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերվել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ:

Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում   իրենց անչափահաս երեխաներին միայնակ  ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերվում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Հակոբյանի խոսքով՝  խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում․ «Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի   Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք: Նշված դեպքերի վերաբերյալ  միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»։

Անդրադառնալով կենդանիների նկատմամբ  դաժան վերաբերմունքի  մասով արձանագրված դեպքերի քանակին՝ նա նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ:

669