Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։

Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանն անդրադարձել է հայ-գերմանական արդյունավետ համագործակցությանը շրջակա միջավայրի ոլորտում։

«Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետությանմիջև հարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում նշանակալի օրակարգ ունեն. Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար, վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա»,-նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ոլորտային հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել՝

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2018թ․ նոյեմբերի 31-ին ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագրին, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։ Նախարարը նշել է, որ ծրագրի հաջողղ ընթացքը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր առաջնահերթություններից է։

Քննարկվել է ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (GIZ) համատեղ ֆինանսավորվող «EU4Sevan» Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը։ Նախարարը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի ընթացքից և դրա շրջանակում գրանցած արդյունքներից։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Գավառի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման խնդրին։

Հայ-գերմանական համագործակցության շրջանակում Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համատեղ ․ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD1) հայ-գերմանական գիտահետազոտական ծրագրին։ Շեշտվել է Սևանա լճի պահպանության և կառավարման ոլորտում գիտելիքահեն ծրագրերի կարևորությունը։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել ոլորտում իրականացվող ամենամսշտաբային բարեփոխումները՝ խոսելով նորաստեղծ էկոպարեկային ծառայության և ջրային ոլորտում օրենսդրական կարգավորումների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր մեկնարկող ծրագրերը։

Ներկայացվել է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» նոր ծրագիրը, որի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

209