Այն, որ թոշակները չեն ավելանալու 2024թ․-ին, որոշվել է 2022թ․-ին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով։ Կարծում ենք՝ կառավարությունը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար։ Այսինքն, եթե մենք թոշակները բարձրացնենք այնքան, որքան երազում ենք, և չկարողանանք վճարել թոշակները, դա մեր երկրի համար կլինի շատ մեծ աղետ։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:

Նախարարը կարևորեց տնտեսական աճի պոտենցիալը բարելավելը, որ կառավարությունն ապագայում կարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:

«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ,  կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,-ասաց նախարարը:

392