Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել ԱՄՆ-ին եւ այլ երկրների չմիջամտել հանրապետության ներքին գործերին եւ օբյեկտիվորեն գնահատել այնտեղ տեղի ունեցող գործընթացները։

«Ես նաեւ ցանկանում եմ ընդգծել, որ մենք հանդես ենք գալիս իրավահավասար համագործակցության օգտին եւ պատրաստ ենք աշխատել բոլոր երկրների, միջազգային գործընկերների, այդ թվում եւ ԱՄՆ-ի հետ։ Մի խնդրանք ունեմ՝ մի միջամտեք մեր երկրի ներքին գործերին»,- գրել է նա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղած պատասխան նամակում, որը հրապարակել է նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։

Մինչ այդ Բլինքենը Ղրղզստանի նախագահին ուղերձ էր հղել, որում մտահոգություն էր հայտնել երկրում հասարակական կազմակերպությունների մասին օրենքի առիթով, որի ընդունումը, ըստ պետքարտուղարի, բացասաբար կանդրադառնա հանրապետության քաղաքացիական հասարակության վիճակի վրա։ 

859