Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փասթաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործել՝ ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին:

255