Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Աղբյուրակ» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս ընթանալիս, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը Wolsvagen Passat մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը եւ կրկին առաջ ընթանալով բախվել հսկայական եղեւենուն:

 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով ուղեւորներ, Հրազան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Սարգսյանը, եւ 40-ամյա Արթուր Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ վարորդ, Հ Վարդանյանը, Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

 

 

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով էլեկտրասյունը տապալվել է եւ օպերատիվորեն ժամանել էին նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցները: Քննիչների կողմից դեպքի վայրի զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտեմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որից հետո փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Հաղորդվում է, որ մահացածներից Կ. Սարգսյանն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնում որպես ավագ հարկադիր կատարող: 

 

 

 

1276