ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական ծրագրի պատասխանատու Յան Մըքջինիթիին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման առանցքում երիտասարդական քաղաքականությանն ուղղված և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և կարևորել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների առաջխաղացման գործում:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանը, քաղաքացիական կրթության զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը և այլն: Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է երիտասարդական կենտրոններ ստեղծելու պետական քաղաքականության կարևորությունը.

«Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 25 երիտասարդական կենտրոն. արդեն ունենք գործող 4-ը՝ ՀՀ տարբեր մարզերում: Կենտրոնների նպատակն է նպաստել մարզաբնակ երիտասարդության ներուժի բացահայտմանը, համակողմանի զարգացմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը: Երիտասարդական կենտրոնը լինելու է այն միջավայրը, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, նոր գաղափարների իրագործման ճանապարհները: Այս համատեքստում շատ ենք կարևորում քաղաքացիական կրթությունը»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ակադեմիական քաղաքի ստեղծմանը, փուլային աշխատանքներին, բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների, կրթական ոլորտի բարելավման անհրաժեշտությանը:

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական ծրագրի պատասխանատու Յան Մըքջինիթին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնողականությունն ու շարունակական աշխատանքները կրթական և երիտասարդական ոլորտներում իրականացվող բարեփոխումներում և դիտարկել համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

213