Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները Եվրամիությանն անդամակցելու հարցում քաղաքական որոշում չեն կայացրել, որովհետև միայն հայտարարություններ են եղել ու կոնկրետ գործողություններ այս պահին չկան։

Հարցին, թե ինչ գործոններ են Եվրոպական Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը անկանխատեսելի դարձնում, ինչի մասին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ղևոնդյանը պատասխանեց․ «Նախ այն, որ Հայաստանը տնտեսական ենթակառուցվածքեների, ճանապարհների և բազմաթիվ առումներով պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցության և նույնիսկ գործընթացը սկսելու համար՝ շատ վաղ է։ Եվ բացի այդ՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և կարծես թե չի էլ քննարկում կառույցից դուրս գալու հարցը, իսկ ԵՄ-ին անդամակցելու դեպքում բնական  է, որ հնարավոր չի լինի համատեղել ԵԱՏՄ-ի անդամության հետ, նույնը կարելի է ասել ՀԱՊԿ-ի և բազմաթիվ պայմանագրերի մասին, որոնց բազան ամբողջովին պետք է վերափոխվի՝ եթե ՀՀ-ն ցանկանում է ԵՄ-ին ինտեգրվելու հայտ ներկայացնի»։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում խոսակցություններն ավելին են, քան գործնական քայլերը և հավանաբար կա այդպիսի միտք, բայց քննարկված չեն դրա գործնական քայլերը, և իշխանությունները հայտարարություններ են անում ու հետո նոր պարզում, թե դրանք ուր կարող են տանել։

Ինչ վերաբերում է մտահոգությանը՝ հնարավո՞ր է Իրանի դիրքորոշումը այս հարցում որոշակիորեն խոչընդոտող հանգամանք է և այդ պատճառով այս օրերին ակտիվ դիվանագիտական շփումներ են ՀՀ և ԻԻՀ միջև, քաղաքագետն ասաց․ «Այո, այստեղ բազմաթիվ հարցեր կան, որ պետք է քննարկվեն, համադրման խնդիրներ պետք է լուծվեն, որովհետև ԵՄ-ն պատժամիջոցների ցանկ ունի Իրանի նկատմամբ և ՀՀ-ն եթե Եվրամիության ինտեգրման ճանապարհով է փորձում գնալ՝ պետք է հաշվի առնի այդ ամենը, և ցավոք սրտի, ես այս և այլ ուղղություններով չեմ տեսնում, որ իշխանությունները աշխատանք արդեն իսկ արել են»։

Անդրադառնալով ոչ բլոկային պետություն դառնալու իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին և հարցին՝ հնարավո՞ր է այն անվտանգային երաշխիքներ տա Հայաստանին, մեր զրուցակիցն ասաց․ «Այո՛, ոչ բլոկային պետություն դառնալու հետ կապված որոշում կա կայացված ոչ թե ֆորմալ մակարդակում, այլ հիմնական որոշում կայացնողների կողմից կա հակում, որ ՀՀ-ն կարող է ոչ բլոկային պետություն դառնալ և այստեղ բավական մեծ աշխատանք կա արված գոնե տեսական հիմքերի մասով և այս մասին հայտարարելը կարծում եմ տեղին է այս պահին։ Դա ենթադրում է, որ ՀՀ-ն այլևս չի հանդիսանա տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունների անդամ և անվտանգային ոլորտում խզում է կապը ՀԱՊԿ-ի հետ, կարծես իշխանությունները հասկացել են, որ այլ տարբերակ չկա, քան ՀԱՊԿ-ը լքելը և միաժամանակ ՀՀ-ն չի փորձում դա փոխարինել այլ հավաքական կազմակերպություններով, այս դեպքում իհարկե խոսքը ՆԱՏՕ-ի մասին է, և անվտանգային առումով լինում է չեզոք պետություն, որը հնարավորություն կտա համադրել տարբեր ուժային բլոկների հնարավորությունները»։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունը, որ պատրաստ են աջակցել Երեւանին՝ ՌԴ հնարավոր սպառնալիքների դեպքում և այդ սպառնալիքները իրակա՞ն են, նա պատասխանեց․ «Առաջին հերթին պայմանավորված էր Մեծ Բրիտանիայի և հավաքական Արևմուտքի շահերով, բացի այդ՝ Հայաստանի՝ դեպի Արևմուտք ձգտմանը պատասխան էր սա, ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր ճնշումներին, դրանք արդեն կան․ օրինակ՝ ԵԱՏՄ կարգավորումներից մեկը, որ ապրիլի 1-ից պարտադրվելու է Հայաստանի տնտեսվարողներին և շոկային ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության վրա։ Այդ ճնշումներից են նաև Լարսի հետ կապված խնդիրները, ջերմուկի, ձկնկիթի արտահանման հետ կապված խնդիրներ կան և նաև ռուսական քաղաքական գործակալների ակտիվացումը։ Բայց լավ է, որ այս հարցում ՀՀ-ն հնարավորություն ունի օգտվելու այս մարտահրավերներին հակազդելու միջոցներից, որ կարող է տրամադրել Մեծ Բրիտանիան, որը գործուն քայլեր է անում։ Հիշենք, որ  ամիսներ առաջ Բրիտանիայի հետ անվտանգության ապահովման հարցում համագործակցության պայմանագիր ստորագրվեց, և չմոռանանք, որ այդ երկիրը ազդեցություն ունի ոչ միայն որպես առանձին երկիր, այլ նաև Արևմուտքի կարևորագույն ներկայացուցիչ»։

Գեղամ Ադյան

 

1217