Կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթերի համար:
Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմանը, թե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ «Զվարթնոց»-ից 250 կմ հեռավորության վրա միջազգային օդանավակայան կառուցելու իրավունք չկա, Սանոսյանը ասել է, որ պայմանագրում նման կետ կա 2001 թվականից, երբ կոնցեսիոն կառավարման է հանձնվել օդանավակայանը:
«Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար: Մեր մտադրությունն ու ցանկությունն է Կապանի օդանավակայանը ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային չվերթների համար ծառայեցնել: Եվ հիմա բանակցում ենք, որ այս կետում փոփոխություն անենք և հանելով այդ սահմանափակումը՝ կարողանանք միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել ու Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային օդանավակայան»,- հավելել է նախարարը:
Բաբկեն Թունյանն էլ նշել է, որ այդ կոնցեսիոն պայմանագիրն ավարտին է մոտենում, գալիս է նոր պայմանագիր կնքելու ժամանակը: