ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ միջազգային անկախ գնահատման փորձագետներ Իվոն Ստանսենի և Արյան Սխաուֆի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ լրատվական բաժինը:

 

Ա. Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները, ընդգծել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով օրենսդիր մարմնի վերահսկողական գործիքակազմի լիարժեք կիրառման, ինչպես նաև՝ ժողովրդավարական վերահսկողության կարևորությունը։

 

Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ բարեփոխումների գործընթացի առանցքը տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված գործողություններն են:

 

Քննարկելով հետագա փոխհամագործակցության հնարավորությունները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական, առավել թիրախային և գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքներ նախաձեռնելու վերաբերյալ։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ՀՀ արտաքին ռազմական համագործակցության բազմազանեցման համատեքստում պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխումների և արդյունավետ կառավարման հաջողված միջազգային փորձի ուսումնասիրությանն ու փոխանակմանը։

168