Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցավ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը: Նա ներկայացրեց 2023 թվականի աշխատանքները:

Նա նշեց, որ անցած տարի մեկնարկել է ատեստավորման գործընթացը և մինչև 2023 թվականի ավարտը ատեստավորմանը մասնակցել և դրական արդյունք է գրանցել ծառայողների շուրջ 20 տոկոսը:

«Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57 տոկոսով»,- ասաց նա:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են տեղեկատվական համակարգի կիբերանվտանգության ապահովման աշխատանքները: «Կանխվել է ավելի քան 2 միլիոն կիբերհարձակման փորձ»,- նշեց նա:

«Արդի մարտահրավերներին պատշաճ դիմակայելու նպատակով տեխնիակական զարգացումներին համընթաց ազգային անվտանգության մարմիններում շարունակվել են աշխատանքները՝ տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործման ուղղությամբ: 2023 թվականի ընթացքում շահագործման են հանձնվել ամբողջությամբ կահավորված մի շարք սահմանապահ ուղեկալներ ու պարետատներ, սարքավորումներով հագեցվել և կահավորվել են սահմանապահ կետեր, կառուցվել են դիտակետեր»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվել են տեխնիկական վերազինման մի շարք աշխատանքներ:

Նա ընդգծեց նաև, որ սահմանպահ զորքերում կին զինծառայողների թիվն ավելացել է շուրջ 9 տոկոսով՝ 2022 թվականի համեմատ:

526