Սա վկայում է այն մասին, որ իսկապես Թուրքիայի բնակչությունը դժգոհ է երկրի ֆինանսական վիճակից, սղաճը աննախադեպ բարձր է Թուրքիայում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ -թուրքագետՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  պատմական գիտությունների դոկտորպրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով նախօրեին  Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին,  որտեղ ընդդիմադիր կուսակցությունը (CHP) հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ 

«Կարևոր է այն հանգամանքը, որ ինչպես ցույց են  տալիս տվյալները, ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթեց այնտեղ, որտեղ ապրում է Թուրքիայի բնակչության 64 տոկոսը և արտադրում է Թուրքիայի տնտեսության 80 տոկոսը, այսինքն՝ զարգացած, խիտ բնակչությամբ շրջաններում: Սա ցույց է տալիս, որ օրինակ՝ կրթական ավելի բարձր ցենզ ունեցող, արևմտամետ բնակչությամբ  Ստամբուլը՝ 16 միլիոն բնակչությամբ, դժգոհ է  այն իսլամիստական քաղաքականությունից, որը վարում է  «Արդարություն և զարգացում»  կուսակցությունը՝ Էրդողանի առաջնորդությամբ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Էրդողանի ուժը պարտվեց հենց իր ծննդավայրում՝ Ստամբուլում, սա ի՞նչ ազդակ կարող է լինել, քաղաքագետն ասաց, որ Էրդողանը առաջին անգամ դարձավ Ստամբուլի քաղաքապետ 30 տարի առաջ և նրանից բավականին գոհ էին, իսկ Ստամբուլում հիմա շատ բան է փոխվել բնակչության առումով:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կարող է ընթանալ իշխանության և ընդդիմության աշխատանքը, նա չբացառեց, որ կարող են բախումներ լինել, քանի որ արդեն նման բաներ պատահում են:

«Մոտակա տարիներին Թուրքիայում ընտրություններ չեն սպասվում, և թեժ շրջան կլինի ներսից, և երկու կողմերն էլ իրենց ներսից այնպիսի թեկնածուներ ի հայտ կբերեն, որ կարողանան հաղթել 2028 թվականի ընտրություններում, որին Էրդողանը հայտարարել է, որ չի մասնակցի և իրավունք չի ունենա մասնակցելու»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք սա Էրդողանի քաղաքական ուժի ավարտի սկիզբը չէ, նա ասաց, որ դեռ բավականին ժամանակ կա, և իշխող ուժը կփորձի տնտեսությունը վերականգնել, թոշակներ բարձրացնել, որ ընտրություններին ամուր դիրքերից մասնակցեն: «Էրդողանը եթե իսկապես պատրաստվում է լքել քաղաքական դաշտը, ապա ինքը կաշխատի ամեն ինչ անել, որ իրենից հետո իր կուսակցությունը շարունակի ղեկավարել, իսկ իրենից շատ բան է կախված: Թուրքիայի քաղաքական կյանքը հիմնված է անհատների վրա, նրա կուսակցության հաղթանակը երկրաշարժի, ծանր ֆինանսական, տնտեսական դրության պայմաններում կարողացավ իր պոպուլիստական, անձնական հնարավորություններն օգտագործելով հաղթանակ ապահովել»,- ասաց նա:

 

Հարցին, թե այս ընտրությունները ինչ-որ կերպ կազդե՞ն հայ-թուրքական հարաբերությունների վրա և  որ կողմն է ավելի շատ շահագրգռված հարաբերությունների բարելավմամբ, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց,  որ համապետական ընտրություններ չեն, երկրի քաղաքականության վրա չեն ազդի: «Փոփոխություն ես չեմ տեսնում»,- հավելեց նա:

 

 

362