Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի խոշոր քաղաքներում մի քանի օր է՝ չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները, որի պատճառը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, Էրդողանի հիմնական մրցակից Էքրեմ Իմամօղլուի կալանավորումն է, որը մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառք ստանալու, խարդախության և այլ հանցագործությունների մեջ։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Araratnews-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դժվար թե Թուրքիայում տեղի ունենան այնպիսի իրադարձություններ, որոնք դուրս կլինեն նախագահ Էրդողանի հսկողությունից․ «Արտահերթ ընտրությունների մասին Թուրքիայում խոսում են արդեն մեկ-երկու ամիս և դա կապված է հենց Էրդողանի հետ, որովհետև նրա համար դա հնարավորություն է՝ նորից իր թեկնածությունն առաջադրելու, այսինքն՝ հերթական ընտրությունների դեպքում նա իրավունք չի ունենա թեկնածությունն առաջադրել։ Ընդդիմությունը, չեմ կարծում, այնքան ճնշում կարող է գործադրել, որ Էրդողանն իր ծրագրերը փոխի»։

Սաֆրաստյանը նշեց, որ տեղի ունեցողը քաղաքական շարժառիթներ ունի՝ ազատվել Էքրեմ Իմամօղլուից, որովհետև որոշ հարցումներով նրա ռեյտինգը ավելի բարձր է, քան Էրդողանինը․ «Բայց նրա դեմ այնպիսի մեղադրանքներ են առաջ քաշում, որոնք եթե դատարանում կարողանան հաստատել՝ տարիներ շարունակ նա կանցկացնի բանտում և երկրորդը՝ նրան զրկեցին բուհի դիպլոմից, իսկ դա նշանակում է, որ չի կարող իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում»

Հարցին՝ արդյոք Թուրքիայում ընդդիմությունն ունի այլ թեկնածու, թուրքագետը պատասխանեց․ «Հիմա խոսվում է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի մասին, որը տարիքով ավելի մեծ է և չունի խարիզմատիկ կերպար, ինչն ուներ Իմամօղլուն, բայց իմ կարծիքն այն է, որ Էրդողանն իր ձեռքում է պահում իրադրությունը»։

Դիտարկմանը, որ թուրքական իշխանությունը հաճախ ներքին լարումների ժամանակ կոշտ արտաքին քաղաքականություն է վարում, Սաֆրաստյանը պատասխանեց․ «Թուրքիան հիմա ստացել է շատ մեծ քարտ բլանշ ԱՄՆ-ի կողմից, որովհետև ամերիկացիները Թուրքիային այսպես ասած՝ հնարավորություն են տվել Սիրիայում խաղալ հիմնական դեր և Ասադի կառավարման ռեժիմից անցումը նոր իշխանության՝ կառավարում է Թուրքիան, իսկ դա նշանակում է, որ Վաշինգտոնը Անկարային հնարավորություն է տալիս Մերձավոր Արևելքում շատ կարևոր դիրք զբաղեցնել, ինչով հիմա զբաղված է Թուրքիան և երկորդ՝ հիմա տեսնում ենք, որ Թուրքիան ուզում է ներգրավվել Ուկրաինայի հետ կապված իրադարձություններում և դրանից բացի դժվար Թուրքիան ինչ-որ տեղ ակտիվություն ցուցաբերի»։

Ինչ վերաբերում է Իմամօղլուի ձերբակալումը դատապարտելուն, ինչն արել են մի շարք առանցքային ԵՄ անդամ երկրներ, մեր զրուցակիցն ասաց, որ դա տրամաբանական է, բայց հիմա Եվրամիությունը մտածում է սեփական անվտանգության մասին, իսկ Թուրքիան ռազմական առումով շատ կարևոր երկիր է և եվրոպացիները շահագրգռված են, որ Թուրքիային օգտագործեն իրենց անվտանգային խնդիրները լուծելու համար․ «Բայց ես չեմ կարծում Եվրոպան միահամուռ այդ ճանապարհով գնա, որովհետև պետություններ կան, որ դեմ են դրան, իսկ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փակուղում է և կարծում եմ առաջընթաց չի լինի»։

Թուրքագետն անդրադարձավ նաև հայ-թուրքական անցակետի կարճաժամկետ բացմանը, որի հետ կապված՝ ադրբեջանական զլմ-ները աղմուկ են բարձրացրել՝ Թուրքիային մեղադրելով պրոցեսին Բաքվին տեղյակ չպահելու մեջ․ «Եթե ընդհանուր գնահատենք՝ Հարավային Կովկասի հարցում գործ ունենք  երկու տարբեր տեսադաշտերի հետ՝ թուրքական և ադրբեջանական։ Նրանք իհարկե մնում են սերտ դաշնակիցներ, բայց Թուրքիայի տեսադաշտը շատ ավելի մեծ է և մեծ խնդիրներ է իր առջև դրված, Էրդողանը ամբիցիաներ ունի Թուրքիան դարձնել աշխարհի կարևոր երկրներից մեկը, դրա համար Թուրքիայի համար կարևոր է, որ մեր տարածաշրջանում հնարավորինս կայուն իրադրություն լինի և շուտ ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիրը, որովհետև այդ պայմանագրով տարածաշրջանի նոր ստատուս քվոն, որ ստեղծվել է պատերազմից և Արցախի հայաթափումից հետո՝  ավելի ձեռնտու է Թուրքիային և նա շահագրգռված է, որ դա փաստաթղթավորվի․  իհարկե թուրքական միտքը ՀրվԿովկասը ընկալում է տարածաշրջան, որը պետք է վերջիվերջո լինի Թուրքիայի ազդեցության տակ և Մոսկվան պետք է դուրս մղվի , բայց հիմա քանի որ զբաղված են ուրիշ խնդիրներով՝ հիմա շահագրգռված են, որ Հարավային Կովկասում այս իրադրությունը կարգավորվի և ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Իսկ Ադրբեջանը լուծում է մարտավարական խնդիր և ներկա պահին շահագրգռված չէ պայմանագրի ստորագրմամբ և ձգտում է Հայաստանից հնարավորինս շատ զիջումներ պոկել»։

Գեղամ Ադյան

620