«Մեզ համար առաջնային ու կարևոր է մարզի բոլոր համայնքների, պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը, քանզի այդ կերպ կկարողանանք անել հնարավորը մեր համայնքների ու բնակավայրերի զարգացման ու խնդիրների օր առաջ լուծման համար»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Մարալիկում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի արտագնա նիստը։

Նիստի օրակարգային առաջին հարցն առնչվել է Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024-ի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, ապրիլի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով։ Ամենաբարձրը հավաքագրվել է տեղական տուրքը՝ 158․8 տոկոս, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը, որը կատարվել է 58․3 տոկոսով։

«Մեր բոլոր համայնքների աշխատանքում հետևողականությունն ու աչալրջությունը չպետք է պակասի, քանի որ սեփական եկամուտների հավաքագրումն ուղիղ պարտականություն լինելուց զատ, նշանակում է համայնքում իրականացվող նոր ծրագիր, համայնքի զարգացմանը միտված նոր նախաձեռնություն։ Համայնքների ղեկավարները պետք է հստակ տարանջատեն պարտաճանաչ ու սրտացավ հարկ վճարողներին անպարտաճանաչ մարդկանցից, քանզի յուրաքանչյուր հարկատու մեզ համար կարևոր է, իսկ պարտաճանաչ հարկատուն պետք է իմանա, որ պետությունը, մարզը, համայնքը գնահատում է իրեն։ Ինչ վերաբերում է անպարտաճանաչ հարկ վճարողներին, ապա հորդորում եմ համայնքների ղեկավարներին լինել առավել խիստ և ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր քայլերը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ առանձին-առանձին լսելով համայնքների ղեկավարներին այս առումով արված աշխատանքների մասին։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են արված աշխատանքները, մեկնաբանել բացթողումները՝ վստահեցնելով, որ թերացումները կվերացվեն ամենասեղմ ժամկետներում։

Սեփական եկամուտները ամենաբարձրը կատարել է Անի համայնքը 113․4 տոկոսով, ամենացածրը՝ Ախուրյան համայնքի կատարողականն է։ Գյումրին ու Ախուրյանը չեն ապահովել սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը։

Մարզի համայնքներին ՀՀ պետական բյուջեից առաջին եռամսակի ընթացքում «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով ՀՀ կառավարության թվով 2 որոշումներով հատկացվել է 503 մլն 496 հազար դրամ։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել է Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերին և 2024 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթներին։ Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի զեկուցմամբ 2023-ին մարզում իրականացվել է 28 ծրագիր (163 ենթածրագիր), որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5 մլրդ 131 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը՝ 2 մլրդ 697 մլն դրամ՝ 52.6 տոկոս։ 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրերով, որոնց ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքներիի բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ներդրողներ՝ 96 մլն դրամ` 0.9տոկոս:

«Մենք հետևողական ենք յուրաքանչյուր ծրագրի, յուրաքանչյուր դրամի ծախսին, եթե պետք լինի 10, 20 անգամ կայցելենք շինօբյեկտներ, մշտադիտարկման աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներրով, աշխատանքային խմբերում կընդգրկվեն ավագանու ներկայացուցիչներ, որպեսզի բոցթողումներ չլինեն։ Եվ չնայած այսքան հսկողությանը, ամենօրյա աշխատանքին, տարբեր համայնքներում անորակ շինարարություն ունենք, խոսքս թե սուբվենցիոն ծրագրերի մասին է, թե դպրոցաշինության, թե հրատապ ծրագրերի։ Հորդորում և պահանջում եմ ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, համայնքների բնակիչներին էլ եմ հորդորւմ բացթողում տեսնելու, արձանագրելու դեպքում դիմել, քանզի ցանկացած շինարարություն, ցանկացած ենթակառուցվածք ձեր համայնքի համար է, մնալու համայնքում և ծառայելու է հենց ձեզ»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։

Մարզի խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և առաջիկա ծրագրերին, ոռոգման պատշաճ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով, կատարվել է 13500 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագիրը» կնպաստի գարնանացանի ցանքատարածությունների ավելացմանը։ Նշված ծրագիրը անխափան իրականացնելու համար արդեն իսկ կազմակերպվել են քննարկումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և համայնքապետարանների միջև։ Ծրագրով հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով տրամադրվելու է 70 հազար դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության ամեն հեկտարի համար՝ 100 հազար դրամ, իսկ բազմամյա խոտաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ։

«ՀՀ կառավարությունը վերջին տարիներին պետական աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին սատարելու, գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով։ Իմ հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները բազմիցս շրջել են համայնքներում, եղել առանձին բնակավայրերում, որպեսզի իրազեկման աշխատանքներ կատարեն, այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ, հորդորւմ եմ համայնքների ղեկավարներին, վարչական պատասխանատուներին ամենօրյա աշխատանքային ռեժիմով խոսել, զրուցել մեր գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ, ներկայացնել իրականացվող ծրագրերն ու դրանցից օգտվելու ընթացակարգը»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։

Զեկուցվել է, որ ոռոգման սեզոնի ընթացքում ոռոջման ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով կատարվել է ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ ջուր է կուտակվել։

Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզում 2024-ին իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերին և հողաշինության բնագավառին։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանի զեկույցի համաձայն, մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում մարզից ներառվել են 30 դպրոցներ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի և Կապսի դպրոցների մոդուլային շենքերի, Արթիկ և Արևշատ բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների շենքերի ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ «Ազատանի միջնակարգ դպրոցի» և «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի» շենքերի կառուցման աշխատանքները: Մի շարք բնակավայրերում ևս առաջիկա տարում կմեկնարկեն նոր կրթահամալիրների կառուցման, ուսումնական շենքերի վերանորոգման, ինչպես նաև նոր մարզադահլիճների կառուցման աշխատանքներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 8 ճանապարհաշինական ծրագրեր, որոնցից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, 2-ը՝ 15.9 կմ երկարությամբ շուրջ 2.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ՀՀ Շիրակի մարզում իրականացվում են թվով 6 ճանապարհաշինական ծրագրեր՝ 7.6 կմ երկարությամբ շուրջ 2.8 մլրդ դրամ գումարի շրջանակներում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզ տեղափոխված հայրենակիցներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքների մասին է խոսել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։ Ապրիլի 3-ի տվյալներով, Շիրակի մարզում հանգրվանել է Լեռնային ղարաբաղից բռնի տեղահանված 3819 քաղաքացի, 1038 ընտանիք։ Մարզում հաշվառվել է 801 դպրոցական տարիքի և 138 նախադպրոցական տարիքի երեխա։ Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում են 668 աշակերտ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հանրակրթությունից դուրս մնացած կամ խուսափող երեխաներին հայտնաբերելու և հանրակրթություն վերադարձնելու նպատակով Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն, ըստ անհրաժեշտության համագործակցելով համապատասխան կառույցների հետ, այցելություններ է իրականացրել Անի, Ախուրյան, Ամասիա և Աշոցք համայնքներ։ Աշխատանք է տարվել հանրակրթությունից դուրս մնացած կամ խուսափող երեխաների ընտանիքի հետ։ 24 բուժհաստատություններում հաշվառվել է 2915 քաղաքացի, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության են ուղեգրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 821 քաղաքացիներ։ 406 ընտանիքի (1832 անձ) հրատապ կարիքների գնահատում է կատարվել, հանդիպումներն ու այցելությունները շարունակական բնույթ են կրում։

«Բազմիցս եմ նշել, այս անգամ էլ ուզում եմ ընդգծել, որ մեր բոլորի աշխատանքում առաջնային ու կարևոր ուղություն պետք է լինի բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին լսելը, աջակցելը։Հորդորում, խնդրում, ինչու ոչ՝ նաև պահանջում եմ՝ պատկան բոլոր կառույցներին ու ղեկավարներին մեկ րոպե անգամ անուշադրության չմատնել նրանց հոգսերն ու խնդիրները, ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ նրանց աջակցելու, սատար կանգնելու համար, տարբեր ծրագրեր են իրականացվել, մի շարք նախաձեռնություններ մեկնարկում են արդեն, մեզ մնում է նրանց այս ամենի մասին իրազեկել ու աջակցել՝ հնարավորությունների և լիազորությունների սահմաններում»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։

354