Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը միևնույն ժամանակ Փարիզ-2024-ի վարկանիշային մրցաշարն է, Գարիկ Կարապետյանը երկամարտի 401 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղն ու նվաճեց օլիմպիական խաղերի վարկանիշ։

102 կգ քաշային ծանրորդը նաև պոկում վարժությունում 185 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը հրաժարվել է պայքարից:

Ապրիլի 11-ին մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Ժամը 13:00-ից պայքարի դուրս կգան +109 կգ քաշային Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Թաիլանդում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությունը հայ ծանրորդների վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ:

Աշխարհի գավաթով հայ ծանրորդները լրացնում են օլիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեին համապատասխան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռևս հայտնի չեն:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

1254