Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի զինված ուժերում կանանց մասնակցության խթանումը և ռազմական կրթության դերը գենդերային հավասարության առաջխաղացման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, DCAF-ի Եվրոպայի և Ասիայի գծով ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերին՝ նշելով, որ դրանք ձևախեղված պատկերացումներ են փոխանցում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց սոցիալական դերերի առնչությամբ և խոչընդոտում իրավահավասարության լիարժեք ապահովմանը։

«Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել իրավահավասարության և խտրականության բացառման տեսանկյունից։ Խոսելով կարծրատիպերի առանձնահատկությունների մասին՝ հարկ եմ համարում նշել տարածված այն սխալ ընկալումը, ըստ որի զինված ուժերն ու անվտանգության համակարգերն իբր կանանց համար չեն։ Այս կարծրատիպը, ցավոք, շարունակում է պահպանվել նաև մեր հասարակությունում։ Կարծրատիպերը հաճախ հիմք են հանդիսանում նաև կանանց թիրախավորելու համար, երբ, օրինակ, նրանց անձնական կյանքին առնչվող և մի շարք այլ հանգամանքներ դառնում են զինված ուժերում և անվտանգային համակարգերում ընդգրկված կանանց թիրախավորման պատճառ։ Արդյունքում՝ հաճախ հարցականի տակ է դրվում և վտանգվում է զինված ուժերում կանանց ներգրավվածության արդյունավետությունը, ինչը պահանջում է հետևողական արձագանք»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերին, որոնք լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում, և այս առումով կարևորել է կանխարգելման մեխանիզմների կիրառումը, հարցերի հստակ հասցեավորումը, ինչպես նաև բոլոր դերակատարների ներգրավումը խնդիրների լուծման նպատակով։

«Չնայած պետության կողմից կատարված քայլերին ու դրական զարգացումներին՝ մենք չենք կարող աչք փակել առկա բացասական երևույթների նկատմամբ կամ ձևացնել, թե դրանք գոյություն չունեն։ Խնդիրների մի մասը շարունակում է պահպանվել, և եթե այս կարծրատիպերի հաղթահարման ուղղությամբ այսօր չձեռնարկենք լուրջ և հետևողական քայլեր, դրանք շարունակելու են պահպանվել մեր միջավայրում»,- նշել է նա:

Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել զինված ուժերում կանանց մասնակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ արձանագրելով, որ թեև վերջին տարիներին կանանց ներգրավվածությունն աճել է, սակայն որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածությունը դեռևս սահմանափակ է։

Պաշտպանը կարևորել է նաև ծառայության պայմանների շարունակական բարելավումը՝ ընդգծելով, որ իրական հավասարությունը ենթադրում է ոչ միայն հավասար վերաբերմունք, այլև այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հաշվի են առնում կանանց առանձնահատուկ կարիքները։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել DCAF-ի, ՀՀ ԱԺ և ՊՆ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության գործընկերներին և կարևորել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն համատեղ և հետևողական աշխատանքի պայմաններում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կանանց մասնակցության ընդլայնման հնարավորություններին, առկա մարտահրավերներին, խտրականության և կարծրատիպերի հաղթահարմանը, ներառական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև գենդերային հավասարության խթանման գործում ռազմական կրթության դերին առնչվող հարցեր։

Քննարկմանը մասնակցել են ինչպես ՄԻՊ հաստատության, այնպես էլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հայաստանյան և միջազգային փորձագետներ։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև DCAF-ի «Գենդերային հարցերի դասավանդումը ռազմական ոլորտում» ձեռնարկի հայերեն տարբերակը։

99