Բնական գազի կենցաղային հաշվիչների (գազահաշվիչների) գնման գործընթացը կազմակերպող «Գազպրոմ Արմենիա» ՓԲ Ընկերությունը (նաև՝ Պատվիրատու) և գնման գործընթացի մասնակից՝ գազահաշվիչների մատակարարմամբ զբաղվող «ՄՏԿ» ՓԲ ընկերությունը հայտնվել են դատարանում ու նաև՝ մամուլի ուշադրության կենտրոնում: Գրեթե մեկ տարի է՝ երկու ընկերությունների ջուրը մի առվով չի գնում: Հետագայում փոխըմբռնում կլինի, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, սակայն գնման գործընթացի արդյունքում հայտնի կդառնա՝ ի՞նչ որակի ու գնի գազահաշվիչ կստանա հայ ու Հայաստանի սպառողը՝ օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանո՞ղ, թե՞ օրինակ՝ հանրությանն անհայտ Բայանդուրի նկուղում պատրաստված «ինքնաշեն, ձեռագործ ու թանկարժեք» գազահաշվիչներ, որոնց հուսալիությունը կարող է կասկածահարույց լինել՝ դրանից բխող հետևանքներով…

Մինչ այդ ուսումնասիրենք թիվ ԵԴ2/1827/02/24 քաղաքացիական գործի նյութերը՝ կողմերի փաստարկները, որպեսզի հանրությունն էլ իմանա, թե որքանով են արժանահավատ ու անկեղծ կողմերի հիմնավորումները. իսկապե՞ս մտածում են հանրային շահի մասին, թե՞ ձևական իրավաչափության տակ թաքնված է ոչ օրինաչափ նպատակ…

Պատասխանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, վկայակոչելով հանրային շահը, փորձում է հնարավորինս շուտ ու հանրությունից գաղտնի կազմակերպել գնման գործընթացը (ըստ հայցվոր «ՄՏԿ» ընկերության՝ փորձելով իրեն դուրս մղել այդ գործընթացից), սակայն առայժմ դա չի հաջողվում: Հայցվոր «ՄՏԿ» ընկերությունը, վկայակոչելով իր (մասնավոր շահ) արդյունավետ պաշտպանության սահմանադրական իրավունքը, դիմել է դատարան՝ խնդրելով կասեցնել գնման գործընթացը և այն կազմակերպել վերաբերելի օրենքներին համապատասխան՝ ապահովելով հրապարակային, հավասար, թափանցիկ պայմաններ մրցույթի բոլոր մասնակիցների համար: Դա հնարավորություն կտա արդար մրցակցային պայմաններում հաղթող ճանաչել և գնման պայմանագիր կնքել այն ընկերության հետ, որի առաջարկած ապրանքը գնի, որակի առումով կլինի լավագույնը, ինչը բխում է սպառողի շահերից՝ շահավետ, արդյունավետ ու օգտակար:

Հակառակ դեպքում այն կհակասի ՀՀ օրենսդրությանը, կառաջացնի անպատժելիության մթնոլորտ ու կոռուպցիոն ռիսկեր, ուստի Հայցվոր Ընկերությունը գտնում է, որ այս դատական վեճն ունի սկզբունքային նշանակություն:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության նշած «հանրային շահ» ձևակերպումն առաջին հայացքից կարող է գերակա և հիմնավոր համարվել մասնավոր շահի նկատմամբ, սակայն մասնավոր ընկերությունը, թեև համեստորեն նշել է իր արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտման վտանգի մասին, այդուհանդերձ մատնանշած փաստարկները բխում են (կամ կարող են) նաև հանրության շահերից:

Այսպես. «ՄՏԿ» ՓԲ Ընկերությունը (այսուհետ նաև՝ Հայցվոր) 14.03.2024թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ Ընկերության (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության անցկացման ընթացքում նախնական ընտրության 1-ին փուլի հրավերն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Գործն ընդունվել է վարույթ, գնման գործընթացը կասեցվել է, և միաժամանակ ապացույց պահանջելու մասին որոշում է կայացվել:

25.03.2024թ-ին և 27.03.2024 թ.-ին Պատասխանողը նույնաբովանդակ միջնորդություններ է ներկայացրել գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին՝ նշելով հետևյալ փաստարկները.
Միջնորդության մեջ «Գազպրոմ» Ընկերությունը հայտնել է, որ «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության նպատակն է բնական գազի հաշվառքի սարքերի ձեռքբերումը, որոնք անհրաժեշտ են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նոր բաժանորդներին գազամատակարարման ցանցին միացնելու, ինչպես նաև արդեն շահագործվող հաշվառքի սարքերը փոխարինելու համար: Առանց սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցների՝ հաշվառքի սարքերի ձեռքբերման անհնար է կենցաղային սպառում ունեցող նոր գազիֆիկացվող բաժանորդներին (G4 և G6 տեսակի բնական գազի հաշվիչները առավելապես տեղադրվում են կենցաղային սպառում ունեցող բաժանորդների, այդ թվում՝ բնակչության գազասպառման համակարգում) մատակարարել բնական գազ:

Բնական գազի բաշխման լիցենզավորված իր գործունեությունն իրականացնելիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որպես բնական գազ մատակարարող անձ, «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պարտավոր է ապահովել ոլորտը կարգավորելու իրավասություն ունեցող մարմնի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների կատարումը: Ընդ որում, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում Հանձնաժողովն իրավասու է կիրառելու «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ ԳՄՕԿ) 98-րդ կետի համաձայն՝ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսերը բոլոր դեպքերում կրում է Մատակարարը: ԳՄՕԿ-ի նշված դրույթից հետևում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ունի իրավական ակտերով սահմանված պարտավորություն իր հաշվին ապահովելու Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների գազամատակարարման համար անհրաժեշտ հաշվառքի սարքերի (գազահաշվիչների) ձեռքբերումը (նոր միացվող բաժանորդների, ինչպես նաև հետագա շահագործման համար ոչ պիտանի գազահաշվիչների մասով): Ընդ որում, ԳՄՕԿ-ով նախատեսված են ժամկետներ, որոնց ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է իրականացնի նոր բաժանորդների միացումը, գազահաշվիչների փոխարինումը, ինչպես նաև նախատեսված է պատասխանատվություն ԳՄՕԿ-ի դրույթների խախտման համար:

ԳՄՕԿ-ի 171-րդ կետի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «Մատակարարը Բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ՝
2)Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և փոխարինման՝ ԳՄՕԿ-ով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.
4) Միացմանը և Պայմանագրերին առնչվող՝ ԳՄՕԿ-ով նախատեսված ընթացակարգերի և ժամկետների յուրաքանչյուր խախտման համար.»
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ
1. Հաշվառքի սարքերի ձեռքբերման նպատակով հայտարարված նախորդ երկու մրցակցային ընտրությունները հայտարարվել են չկայացած, «N061/GArm/24-4.3-016/12.01.24» ծածկագրով մրցակցային ընտրությունը (այսուհետ նաև՝ 1-ին մրցույթ)՝ մրցույթի հրավերի վերանայման պատճառով, «N073/GArm/24-4.3-016/13.02.24» ծածկագրով մրցակցային ընտրությունը (այսուհետ նաև՝ 2-րդ)՝ որպես գնման առարկա ներկայացված (UG G4 և UG G6 տեսակի բնական գազի մեմբրանային) հաշվիչները Պատասխանողի պահանջներին տեխնիկապես չհամապատասխանելու պատճառով,
2. Հաշվառքի սարքերի ձեռքբերումը հանրային շահերից ելնելով այս պահին արդեն խիստ անհրաժեշտ է (…),

3. Սույն գործով վճռի հրապարակման ամսաթիվ է նշանակված 30.04.2024թ., որից հետո նոր միայն գնումների գործընթացը շարունակելը կհանգեցնի նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետների խախտմանը,
Ուստի Պատասխանողը միջնորդել է Դատարանին՝ կայացնել գնման գործընթացի կասեցումը վերացնելու որոշում:

Խոստովանենք, որ պատճառաբանությունները տրամաբանորեն հասկանալի են, ընդունելի, իրավական տեսակյունից՝ բավարար չափով փաթեթավորված, սակայն արժանահավատության, համոզիչ լինելու տեսանկյունից, իմ գնահատմամբ՝ դրանք դառնում են խոցելի, երբ ծանոթանում ենք հակառակ կողմի ներկայացրած փաստարկներին:

Միջնորդության վերաբերյալ Հայցվոր կողմը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած միջնորդությունն անհիմն է, չի բխում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գնման գործընթացի սկզբունքներից, իսկ դրա բավարարումը կդժվարացնի հետագայում սույն գործով վճռի կատարումը և կհանգեցնի «ՄՏԿ» ՓԲԸ-ի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խաթարմանը:

Մասնավորապես, Պատասխանողը դատարանին տեղեկացրել է, որ G4 և G6 տեսակի բնական գազի հաշվիչների նախորդ 2 ընթացակարգերը (մրցույթները) չեղարկվել են, հայտարարվել չկայացած, որի պատճառով սարքերի ձեռքբերումը հանրային շահերից ելնելով այս պահին արդեն իսկ խիստ անհրաժեշտ է: Հենց սրանով է Պատասխանողը փորձում հիմնավորել ՀՀ քաղ. դատ. օրի 234.11-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հանրային շահի առկայությունը:

Այս կապակցությամբ հայցվորը դատարանին խնդրել է նկատի ունենալ, որ նախորդ 2 գնման ընթակարգերի չեղարկման դրդապատճառները, ըստ հայցվորի, այլ էին:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կայքում առկա տեղեկատվության՝ առաջին անգամ հաշվիչների ձեռքբերման նպատակով 1-ին մրցույթը՝ «N061/GArm/24-4.3-016/12.01.24» ծածկագրով ընթացակարգը հրապարակվել է 12.01.24թ.-ին, վերոնշյալ ընթացակարգին հայտ են ներկայացրել 2 մասնակից, որոնցից մեկը հենց հայցվորը՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ն: Հայտերը ներկայացնելիս՝ հայցվորը գնահատող հանձնաժողովին հայտնել է, որ առաջարկել է գնման ընթացակարգի նախահաշվային գնից չափազանց ցածր գին: «ՄՏԿ» ՓԲԸ-ի կարծիքով՝ հենց սրանով է պայմանավորված եղել առաջին ընթացակարգի չեղարկումը, քանի որ Հայցվորը ենթադրում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նոր ղեկավարության համար հանդիսանում է ոչ ցանկալի մասնակից և հնարավոր է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ունի նախընտրելի տնտեսվարողներ:

Վերոհիշյալ ընթացակարգից հետո հաջորդ ընթացակարգի հրավերի տեխնիկական պահանջներում կատարվում են փոփոխություններ, ինչի մասին նաև իր միջնորդության մեջ հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Այս կապակցությամբ ավելի քան անհասկանալի է, թե ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չէր կարողացել այդքան տարիների ընթացքում, ինչպես նաև առաջին ընթացակարգը հաստատելիս հասկանար, որ իրեն անհրաժեշտ են հենց այդ նոր տեխնիկական պահանջներին բավարարող սարքեր, քանի որ համաձայն գնումների կարգի՝ մինչև ընթացակարգը հայտարարելը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան ստորաբաժանումները կատարում են երկարատև աշխատանք՝ ընթացակարգի հրավերի տեխնիկական պահանջները մշակելու համար, մշակում դրանք, ձևավորում գնման հայտ և դրանից հետո նոր հայտարարվում է գնման ընթացակարգը: Նման փաստական հանգամանքների պարագայում ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գնման առաջին ընթացակարգը հայտարարելիս՝ չի կատարել պահանջված սարքերի տեխնիկական պահանջների բավարար ուսումնասիրություն և միայն առաջին ծածկագրով ընթացակարգը հայտարարելուց հետո, երբ պարզվել է, որ «ՄՏԿ» ՓԲԸ-ն առաջարկելու է չափազանց ցածր գին, ըստ երևույթի հենց այս պատճառով որոշել է այդ ընթացակարգը չեղարկել:

Հայցվորը նշել է, որ առաջին ընթացակարգը չեղարկելուց հետո «ՄՏԿ» ՓԲԸ-ն մինչև հաջորդ ընթացակարգը հայտարարելը և ենթադրելով, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման համար հայտարարվելիք ընթացակարգով պետք է կրկին սահմանի նախկին հրավերներով սահմանված հաստատված տեսակի չափերի հաշվիչներ, որը «ՄՏԿ» ՓԲԸ-ն ներկրում է ՀՀ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 16.02.2024թ. ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ տեղի է ունեցել կենցաղային գազի հաշվիչների գների նվազեցում՝ պայմանավորված մատակարարների կողմից վարած գնային քաղաքականության փոփոխմամբ: Հայցվորը հայտնել է, որ պատրաստ է նոր կոմերցիոն առաջարկներ ներկայացնել՝ հաշվիչների զգալի ցածր գներով:

Վերոհիշյալից հետո 13.02.2024թ. հայտարարվել է հաշվիչների ձեռքբերման 2-րդ մրցույթը՝ «N073/GArm/24-4.3-016/13.02.24» ծածկագրով նոր ընթացակարգը և 04.03.24-ին այն կրկին հայտարարվել է չկայացած, ընդ որում այս գնման ընթացակարգի միակ մասնակից է եղել «ՄՏԿ» ՓԲԸ-ն, որն առաջարկել է գնման ընթացակարգի նախահաշվային գնից գրեթե 2 անգամ էժան գին, մասնավորապես 200մլն ՀՀ դրամով էժան գին:

Այնուհետև առաջարկվել է հաշվիչների ձեռքբերման երրորդ՝ «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» ծածկագրով ընթացակարգը, որը սույն քաղաքացիական գործի շրջանակներում բողոքարկվել է Դատարան: Ընդ որում, այս երրորդ ընթացակարգի հրավերով սահմանվել են հաշվիչների այնպիսի չափեր, որոնց «ՄՏԿ» ՓԲԸ-ի կողմից ներկրվող սարքերը, ըստ էության, չեն համապատասխանում:

Վերոնշյալը վկայում է, որ «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների» ձեռքբերման գործընթացը ձգձգվել է Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, հայցվորի կարծիքով՝ հակաիրավական վարքագծի հետևանքով, և Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ունեցել է բոլոր հնարավորությունները ժամանակին իրականացնելու անհրաժեշտ հաշվիչների ձեռքբերման գործընթացը, եթե չլիներ ընթացակարգից «ՄՏԿ» ՓԲԸ-ին դուրս մղելու նպատակ:

Նման պարագայում հայցվորը գտել է, որ եթե հաշվառքի սարքերի ձեռքբերումը հանրային շահերից ելնելով խիստ անհրաժեշտ է եղել և առանց այդ հաշվառքի սարքերի հնարավոր չէ իրականացնել նոր բաժանորդների՝ առավելապես բնակչության գազամատակարարման ցանցին միացումը, ապա Պատասխանողի կողմից իրականացված գործողությունները վերոհիշյալ ընթացակարգերի նկատմամբ ավելի քան անհասկանալի են և անտրամաբանական:
Այս փաստերի պարագայում Հայցվորն ունի մեկ վարկած. Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նման քայլերով պարզապես փորձում է դուրս մղելով այլ մասնակիցների, գնման գործընթացին մասնակից դարձնել իրեն նախընտրելի ընկերությունների, անգամ եթե դա հանգեցնելու է կրկնակի թանկ գնումների:

Հայցվորը դատարանին խնդրել է նկատի ունենալ, որ սույն գնման ընթացակարգի կասեցման վերացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստանալու է հնարավորություն ոչ իրավաչափ, ՀՀ օրենսդրության պահանջներին հակասող հրավերով կատարել գնում, ընդ որում, ենթադրաբար, բավականին բարձր գնով, որի համար, ի վերջո վճարելու է ՀՀ սպառողը:

Սակայն ներկայացրած հայցի հիմքերը լրացնելու մասին միջնորդությամբ Հայցվորը Դատարանին հայտնել և ներկայացրել է համապատասխան ապացույցներ, որ վիճարկվող ընթացակարգի հրավերի Հավելված 4.1-ով սահմանելով «G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների համար համապատասխան չափսերը՝ խախտել է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որի համաձայն՝ օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և ՀՀ կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման, քանի որ առկա չէ նշված չափերով հաստատված տեսակի G4 հաշվիչներ:

Հայցվորը նշել է, որ փաստացիորեն այս փուլում դատարանի կողմից առանց քաղաքացիական գործի քննությունն ավարտելու, Հայցվորի կողմից վկայակոչած վերոհիշյալ շատ կարևոր փաստը գնահատելու և գնման գործընթացի կասեցումը վերացնելով, հնարավորություն կընձեռնի «Գազպրոմին»՝ գնել ««Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չբավարարող,չհաստատված տեսակի հաշվիչներ:

Հայցվորը դատարանին խնդրել է նկատի ունենալ ևս մեկ կարևոր փաստ. Վստահ լինելով, որ սույն հայցադիմումով վիճարկվող ընթացակարգի մյուս մասնակիցները չեն կարող ներկայացնել ՀՀ-ում հաստատված տեսակի G4 հաշվիչներ, «ՄՏԿ» ՓԲԸ-ի կողմից լիազորված փաստաբան Հ. Ենգոյանը 15,03,2024թ. գրավոր դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով տրամադրել երրորդ ծածկագրով մրցակցային ընտրության մյուս մասնակիցների հայտերի փաստաթղթերի պատճենները: Վերոհիշյալ դիմումը մինչ օրս մնացել է անպատասխան և համապատասխանաբար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի տրամադրել մյուս մասնակիցների հայտերի պատճենները:

Մասնակիցների հայտերի չտրամադրումը դարձել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար ձևավորված վարքագիծ, և այլ գնման ընթացակարգով նույն բովանդակության դիմումներին ՓԲԸ-ը պատասխանել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հաստատված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների մասին կարգով նախատեսված չէ գնումների գործընթացի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի տրամադրում որևէ անձի, ուստի այդ անձանց վերաբերվող ՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել առանց այդ անձանց համաձայնության: Դրանով ընկերությունը փորձում է զերծ մնալ հանրային հսկողությունից:

Հայցվորը միջնորդությունը քննելիս դատարանին խնդրել էր նկատի ունենալ ևս մեկ կարևոր փաստարկ, որ վերոնշյալ միջնորդությունը բավարարելու դեպքում սույն քաղաքացիական գործը կդառնա առարակայազուրկ:
Մասնավորապես, թիվ ԵԴ2/1827/02/24 քաղաքացիական գործով վիճարկվում է թիվ «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» ծածկագրով ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրի ոչ իրավաչափ պահանջները և եթե կայացվի այդպիսի որոշում և վիճարկվող ընթացակարգը շարունակվի, ապա ամենայն հավանականությամբ, արդեն կհայտարարվի ընտրված /հաղթող/ մասնակից, որի հետ էլ կկնքվի պայմանագիր և արդյունքում այլևս իրավական տեսակետից անհնար է պատկերացնել, որ սույն գործով ներկայացված հայցը կբավարարվի, իսկ բավարարելու դեպքում վճիռը հնարավոր կլինի ի կատար ածել: Կամ եթե անգամ կայացրած վճռով ընթացակարգի հրավերը ճանաչվի անվավեր, տվյալ ընթացակարգով արդեն ձեռք բերված կլինի ընթացակարգի գնման առարկան, և նման պարագայում հայցի բավարարումը ոչինչ չի տա Հայցվորին, որի արդյունքում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի լինի արդյունավետ, իսկ կայացրած վճիռը կդառնա առարկայազուրկ:

Հայցվորը նշել է, որ այս քաղաքացիական գործն ունի սկզբունքային բնույթ և այն նպատակ է հետապնդում, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից այլևս չհրապարակվեն այնպիսի տեխնիկական բնութագրով հրավերներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ Դատարանի կողմից տվյալ գնման ընթացակարգի կասեցման վերացումը ենթադրաբար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար կառաջացնի անպատժելիության մթնոլորտ, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկեր:

Հետևաբար հայցվորը խնդրել էր մերժել պատասխանողի միջնորդությունը:

Դատարանը քննելով թիվ «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» ծածկագրով ընթացակարգի նկատմամբ օրենքի ուժով կիրառված կասեցումը վերացնելու մասին Պատասխանողի միջնորդությունը, գտել է, որ այն հիմնավոր չէ և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համապատասխան դրույթներին և նախադեպային գործերով մեկնաբանություններին, նշել է, թե որ դեպքերում (հանրային կամ պաշտպանության, ազգային անվտանգության շահերից ելնելով) և ում գրավոր միջնորդությամբ կարող է վերացվել գնման գործընթացի կասեցումը: Քանի որ միջնորդություն ներկայացրած կողմը նշել է «հանրային շահ» եզրույթը, դատարանն անդրադարձել է նաև դրան՝ վճռաբեկ դատարանի դիրքորոշումների լույսի ներքո՝ համադրելով գնման գործընթացի նպատակի ու սկզբունքների հետ:

Այսպես. «Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի և մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային և մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ և գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես, իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի՝ դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. Հանրային շահի կրողը հասարակությունն է՝ որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար…»

(Իհարկե, դատարանը չի ծավալվել մասնավոր շահի մասով, քանի որ շոշափվել է միայն «հանրային շահ» ասվածը, սակայն եթե պարզեցնենք այդ երկու շահերի փոխլրացման իմաստը, ապա՝ հանրությունը շահ է ստանում՝ օգտվելով մասնավորի առաջարկած բարիքից, մասնավորն էլ ֆինանսական շահ է ստանում այդ բարիքի համար հանրության վճարած գումարներից: )

«Գնումների մասին» օրենքի նպատակն է՝ ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է՝ պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ՝ կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ համարժեք փոխհատուցմամբ և գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

Նույն այդ օրենքի սկզբունքներն են՝ գնման գործընթացը կազմակերպել միասնական, մրցակցային, թափանցիկ, հրապարակային, ոչ խտրական հիմունքներով, մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, իրավահավասարության ապահովում՝ անկախ նրանից մասնակիցը ֆիզիկական, իրավաբանական անձ է, քաղաքացիություն ունի, թե ոչ:

Դատարանի որոշման մեջ նշված իրավանորմերի և վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների և որոշումների բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը: Դատարանը, հանրային շահերից ելնելով, երբ անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, համապատասխան մարմինների ղեկավարների գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին որոշում: Հանրային շահը կրող սուբյեկտը հասարակությունն է, իսկ այդ շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար:

Օրենքի նպատակն է գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումը, իսկ գնումների գործընթացի սկզբունքներից է գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, մասնակիցների միջև մրցակցությունը և գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարությունը:»

Տվյալ դեպքում Պատասխանողն իր միջնորդություններում նշել է, որ 3-րդ՝ «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» ծածկագրով մրցակցային ընտրության նպատակն է «G4 և G6 տեսակի գազահաշվիչների ձեռքբերումը, որոնք անհրաժեշտ են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժանորդներին գազամատակարարման ցանցին միացնելու, նաև արդեն շահագործվողները փոխարինելու համար: Եվ առանց այդ չափման միջոցների՝ հաշվառքի սարքերի ձեռքբերման անհնար է կենցաղային սպառում ունեցող նոր գազիֆիկացվող բաժանորդներին մատակարարել բնական գազ:

Անդրադառնալով միջնորդությամբ ներկայացված հանրային շահի առկայությունը հիմնավորող փաստարկներին, Դատարանը գտել է, որ նշված ծածկագրով գնման գործընթացի կասեցումը վերացնելը չի բխում հանրային շահերից, իսկ դրա շարունակելու անհրաժեշտությունը չի հիմնավորվում պատասխանողի կողմից բերված միջնորդությամբ:

Դատարանը նման եզրահանգման է գալիս՝ հաշվի առնելով օրենքով սահմանված գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման ապահովման նպատակը, ինչպես նաև գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման և մասնակիցների իրավահավասարության սկզբունքները:

Դատարանը գտնում է, որ «N099/GArm/24- 4.3-016/05.03.24» գնման գործընթացի կասեցումը վերացնելը չի բխում հանրային շահերից, իսկ դրա շարունակելու անհրաժեշտությունը չի հիմնավորվում պատասխանողի կողմից բերված միջնորդությամբ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հատուկ հայցային վարույթի շրջանակներում սեղմ ժամկետներում հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, որից ելնելով սույն գործով դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 30.04.2024թվականը: Ուստի, նման պայմաններում դատական ակտի հրապարակումից շուրջ մեկ ամիս առաջ օրենքի ուժով կասեցված գնման գործընթացը դատարանի կողմից վերացնելը նույնպես չի բխում հանրային շահերից:

Հետևաբար, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա շարունակել գնման գործընթացը և վերացնել գնման գործընթացի կասեցումը, քանի որ դրանով չի ապահովվի օրենքի նպատակը, այն է՝ գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացումը, ինչպես նաև վերը նշված պայմաններում կխախտվի գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային կազմակերպման և մասնակիցների իրավահավասության սկզբունքները:

Ելնելով վերոգրյալից Դատարանը արդարացիորեն մերժել է Պատասխանող կողմի՝ գնման գործընթացի կասեցումը վերացնելու միջնորդությունը:

Նկատենք, որ Դատարանի այս որոշումը հիմնավորված, պատճառաբանված է, չկան տրամաբանական խզումներ (թեև կարելի է մի փոքր մեղմ համարել
: Մեկնաբանությունները, եզրահանգումները տվյալ փուլում համապատասխանում են գործով առկա փաստարկներին, ապացույցներին: Շղթան ավարտուն է՝ ի տարբերություն վերջին տարիներին հանդիպող դատական ակտերում հանդիպող երևույթի, երբ երբեմն ճիշտ են նշվում կիրառելի իրավական հիմքերը, փաստարկները, նախադեպերը, սակայն չեն կիրառվում և կայացվում է տրամաբանորեն հակառակ՝ ոչ օրինական կամ արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ:

Տվյալ դեպքում՝ Պատասխանող կողմն իր միջնորդության մեջ նշել է գազահաշվիչների ձեռքբերման անհրաժեշտությունը, ժամկետները, դրանց խախտման դեպքում՝ պատասխանատվության փաստարկները, սակայն չի նշել, թե ինչու է այդ գնման գործընթացը կազմակերպում՝ ՀՀ օրենքներով սահմանված ընթացակարգերի, սկզբունքների խախտմամբ՝ խտրականության, կողմնակալության դրսևորմամբ, մրցակցությունը խթանելու, հավասարություն, հրապարակայնությունն ապահովելու փոխարեն շարժվում հակառակ ուղղությամբ՝ հանրությունից և գնման գործընթացի մասնակիցներից թաքցնում գործի համար էական նշանակության հանգամանքներ: Ինչու՞ է Հայաստանում գործունեություն ծավալող պատկառելի Ընկերությունը արհամարհում ու մեր երկրի օրենքներից վեր դասում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հաստատված կարգը, ըստ որի՝ «ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումների մասին կարգով նախատեսված չէ գնումների գործընթացի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի տրամադրում որևէ անձի, ուստի այդ անձանց վերաբերվող ՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել առանց այդ անձանց համաձայնության:» Մինչդեռ, այդ պատճառաբանությունը հիմնավոր չէ նաև այն պատճառով, որ հանրությանը վերաբերող նման գործընթացները պետք է լինեն հանրության խոշորացույցի տակ. տվյալ դեպքում՝ հանրության շահը չի կարող լինել հանրությունից գաղտնի:

Անհասկանալի է նաև, թե ինչու՞ է Պատասխանող Ընկերությունն ուզում գնել այնպիսի տեսակի, չափանիշների գազահաշվիչներ, որոնք հաստատված չեն, չեն համապատասխանում հայաստանյան և/կամ իրավասու մարմինների սահմանած ստանդարտներին կամ առնվազն հնարավոր չէ դրանք հայտնաբերել: Իսկ եթե կա գնման գործընթացին մասնակից ընկերություն, որը կարողացել է կամ կարող է նման ապրանք «պեղել» ու հարմար գնով առաջարկել Պատվիրատու «Գազպրոմին», ապա այդ տվյալները պետք է հասանելի ու տեսանելի լինեն նաև մյուս մասնակիցների համար, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում բողոքարկել համապատասխան ակտերը՝ պահպանելով քաղաքացիական դատավարության սկզբունքները: Այլապես այդ գործընթացն իսկապես կարող է հանգեցնել Հայցվոր կողմի հիմնարար իրավունքի խախտման:

Վերը նշված հանգամանքներն ըստ էության կարելի է համարել «չփարատված կասկածներ», որոնք առայժմ խոցելի են դարձնում «Գազպրոմ Արմենիա» Ընկերության դիրքորոշումը. գնման գործընթացի հրապարակայնության և մյուս սկզբունքների խախտումը՝ «տեղավորելով» «հանրային շահի», «անձնական տվյալների չտրամադրման» պատճառաբանության տակ, ստացվում է՝ ձևական իրավաչափության տակ կարող է թաքնված լինել ոչ օրինաչափ նպատակ:

Համենայն դեպս, այդ իրավիճակն ինձ գեղապետական մակարդակի մի ներընտանեկան ապօրինի աճուրդի պատմություն է հիշեցնում՝ կրկին հանրության աչքից հեռու անցկացված. երբ ավագանիների, գյուղապետի, աճուրդի մասնակիցներ՝ վերջինիս որդու, կնոջ անունները կան, բայց ստորագրությունները չկան, միայն գյուղապետի ստորագրությամբ է «աճուրդը կայացված» համարվել, որտեղ որդին մի երկու «մանեթով» (չափը հայտնի չէ) ավելի գումար է առաջարկել վիճարկելի այն հողի համար, որտեղ հետո ապօրինի կառուցապատում է արել: Հետո, երբ փորձեցինք դրա որոշ մասնակիցներին դատարան հրավիրել հանգամանքները պարզելու համար, ապօրինության որոշ «մասնակիցներ» սկսեցին հերթով մահանալ…

Ասել կուզեմ՝ էնպես չստացվի, որ այս դեպքում էլ ուզենանք օրինակ՝ մրցույթին «մասնակցած» անհայտ Բայանդուրին գտնենք, ու էդպես էլ չհաջողվի, բայց հանրության շահն արդեն խախտված լինի: Հետևաբար, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր գործողություններով պետք է ձևավորի իր հեղինակությունն ու վստահությունը հանրության շրջանում, և դրանից էլ կերևա, թե որքանով է ազնիվ հանրության շահի մասին բարձրաձայնելիս։

Աղբյուր՝ 1in.am

526