Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը:

15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։

Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է Համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

321