«Ապրելու երկիր» կուսակցությունը, միանալով 5-րդ շարասյան կողմից իրականացվող սուտ ու կեղծիք տարածելու մեդիաարշավին, սկսել է հանրությանը ահաբեկել ստերի միջոցով։

Նրանց կուսակցության ղեկավարներից Մեսրոպ Առաքելյանը, բացարձակ չտիրապետելով իրավիճակին, գնացել, տեսանյութ է նկարել Տավուշի սահմանամերձ շրջաններից ու կեղծ լուրեր է տարածում, թե իբր Վրաստան գնացող ճանապարհը հանձնվում է Ադրբեջանին, ինչը բացարձակ սուտ է։ Այնտեղ խոսքը գնում է Կիրանցի մոտով անցնող փոքր ճանապարհահատվածի մասին,  որը դելիմիտացիայի արդյունքում վերադարձվելու է Ադրբեջանին։ 

Այդ հատվածում  նախատեսվում է կառուցել այլընտրանքային կամուրջ և ճանապարհ, որն ամբողջությամբ կանցնի ՀՀ ինքնիշխան տարածքով, եւ դեպի Վրաստան ճանապարհը կլինի երթեւեկելի, չի փակվի եւ չի անցնի ադրբեջանցի սահմանապահների միջով։ 

Ճանապարհի հետ խնդիրներ առաջացնող հատվածը այս փուլում չի դելիմիտացվում։ Կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել, որ 
Ոսկեպարի և Բերքաբերի հատվածում չեն կատարաի դելիմիտացիա, քանի որ դրա արդյունքում երկու կողմերի համար էլ կառաջանային լոգիստիկ խնդիրներ։ Հայկական կողմից կարիք կառաջանար կառուցել դեպի Վրաստան այլընտրանքային ճանապարհ, իսկ ադրբեջանական կողմում 4 գյուղեր կմնային շրջափակման մեջ։ Հետեւաբար փոխադարձորեն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հատվածներում դելիմիտացիա իրականացնելու հարցը թողնել հետագայի։ Այդ պայմանավորվածության արդյունքում դեպի Վրաստան ճանապարհը կմնա հայկական վերահսկողության ներքո։ 

Նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակներ ֆեյսբուքյան տարբեր խմբերով լուրեր են տարածում, թե շուտով դեպի Վրաստան ճանապարհին կտեղակայվեն ադրբեջանցի սահմանապահներ ու հայաստանցիները այդ ճանապարհից օգտվելիս ստիպված են լինելու անցնել այդ անցակետերով։ Սա ևս բացարձակ սուտ է, ինչպես Մեսրոպ Առաքելյանի տարածածը, քանի որ, ինչպես նշեցինք, այդ հատվածներում դելիմիտացիա եւ դեմարկացիա չի իրականացվելու։ 

Ակնհայտորեն, ընդդիմությունը սպասում էր այսօրինակ խնդիրների` լոգիստիկ, անվտանգային, որպեսզի օգտագործեին պահն ու փորձեին երկրում քաոս առաջացնել ու զավթել իշխանությունը։ Չստանալով բաղձալի իրավիճակ, հիմա փորձում են ստերով ու կեղծիքներով ստանալ իրենց երազած իրավիճակը։

 

949