Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխություններին: Այս փոփոխությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ։

Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ։ Նշված ՇՄԶ կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքների (աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում) գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով և այլն։

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը նիստի ժամանակ նշեց, որ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի։ Սակայն, ներկայումս, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթները (օրինակ՝ վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները), անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար:

Մանրամասները տեսանյութում

494