
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատասխանել է ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքներին։
Կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ «սխալը սխալի հետևից են անում» և օգտագործում շանտաժի լեզուն Վրաստանի հետ հարաբերություններում։
«Վրաստանի կառավարությունը կատակ չի անում։ Մենք ՀԿ-ների թափանցիկության մասին օրենք ենք ընդունում, քանի որ այլ ճանապարհ չենք տեսնում երկրում իրավիճակը կայունացնելու համար։ Ինչպես արդեն նշվեց, ՀԿ-ները 2020 թվականից ի վեր հեղափոխության երկու փորձ են արել, և մենք չենք կարող սպասել ու հուսալ, որ երրորդ փորձն անհաջող կլինի։ Մեզ համար այս օրենքը սակարկության առարկա չէ, այլ Վրաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու արդյունավետ գործիք, և մենք ոչ մի դեպքում չենք կարող առևտուր անել երկրի ինքնիշխանությամբ կամ անպատասխան թողնել անարդար հարձակումները Վրաստանի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է, որ ԵՄ թեման մշտապես օգտագործվում է որպես շանտաժի գործիք Վրաստանի դեմ, և դա պետք է դադարեցվի։