Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: 

 

Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։

Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և Հնդկաստանի ոսկերչական ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացումը ազգային տաղավարով։

 

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է քիմիական և մետալուրգիական արդյունաբերությունը՝ նախարարը հրավիրել է հնդկական ընկերություններին հայկական կողմի հետ համագործակցել «Կանաչ քիմիա» նախագծերի շրջանակում:

 

Երկուստեք կարևորվել է միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպումը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:

 

Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

280