Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ՝ Ուկրաինայում չորս տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու շուրջ քննարկումների նպատակով։

Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով քննարկումներին տեղյակ աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ Կրեմլն առաջարկել է բանակցություններն անցկացնել Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ/APEC) գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թերթին հաստատել է, որ նման հանդիպման հեռանկարը քննարկվում է։ «Դեռևս հստակ պատկերացում չկա բուն հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև երեք կողմն էլ ընդունում են նման հանդիպման տեղի ունենալու տեսական հնարավորությունը»,- ասել է նա պարբերականին։

Իր հերթին, ԱՄՆ պետաքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ քննարկումներ եղել են Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ։ «Չգիտեմ՝ արդյոք դա վերջնականապես հաստատվել է, սակայն Թրամփի դիրքորոշումը հստակ է. նա ցանկանում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն ավարտվի»,- նշել է Ռուբիոն։

57