Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունիսի 19-ին Արագածոտնի մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների, տնտեսվարողների և անասնաբույժների հետ՝ մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը և ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։

 

Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր եղջերավոր կենդանի։

 

Տաթևիկ Սարգսյանն ընդգծել է, որ կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը ֆինանսական բեռ չի ավելացնելու գյուղացու կամ ֆերմերի համար։ Նա կոչ է արել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման գործընթացին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ ու աջակցել հաշվառման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև անասնաբուծության ոլորտում գործող և նախատեսվող պետական օժանդակության այլ ծրագրեր՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագրերը։

 

Կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրն իրականացվելու է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցություն է տրամադրելու Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։

285