Գլխավոր դատախազության ստեղծման 106-ամյակի շրջանակներում «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ:

- Տիկին Վարդապետյան, շուտով կլրանա երկու տարին, ինչ ստանձնել եք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Ի՞նչ է փոխվել Դատախազությունում, որը նաև, ըստ Ձեզ, բարելավել է կառույցի աշխատանքը:

- Դատախազությունում փոփոխությունների մասին հարցն ինձ նույնպես, որպես ղեկավարի, հետաքրքիր էր: Հնարավոր օբյեկտիվ գնահատական ստանալու նպատակով 2023 թվականին դատախազների շրջանում անցկացվեց անանուն հարցում։ Ինչո՞ւ անանուն, որովհետև ցանկանում էի անկեղծ կարծիքներ ստանալ Դատախազությունում ձևավորված մթնոլորտի ու միջավայրի մասին։ Հարցմանը մասնակցեց 236 դատախազ՝ այդ պահին պաշտոնավարող դատախազների մոտ 63%-ը: Հարցման արդյունքներն ամփոփվեցին այս տարի տեղի ունեցած Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Հարցմանը մասնակցած դատախազների 80.1%-ը նշել էր, որ դատախազի թափուր հաստիքները համալրվում են անաչառության և արժանիքահենության հիման վրա: Հարցման արդյունքներով՝ դատախազները որպես դրական էին գնահատել համակարգում առկա մոտեցումների միասնականությունը, անաչառությունը, առողջ աշխատանքային մթնոլորտը, մարդկային (գործընկերային) հարաբերությունները, թիմային աշխատելաոճը, նոր գիտելիք ստանալու, կատարելագործվելու, մասնագիտական աճի և առաջխաղացման հավասար հնարավորությունները, պետականամետ մոտեցումները, աշխատանքային անընդհատ բարելավվող պայմաններն ու բարձր վարձատրությունը, ղեկավարների՝ աշխատակիցներին լսելու ունակությունը, սրտացավությունն ու բարեկրթությունը։

- Դուք առաջին կինն եք, որ ստանձնել է այս պաշտոնը և նման երիտասարդ տարիքում: Բա՞րդ է արդյոք կնոջ համար ղեկավարել կառույց, որի ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Կոտրվե՞լ են արդյոք ժամանակին գոյություն ունեցող այն կարծրատիպերը, որ կինը չի կարող ղեկավար պաշտոն զբաղեցնել, հե՞շտ համակարգը հարմարվեց Ձեզ և Դուք՝ համակարգին, թե՞ այդ ճանապարհն այնքան էլ դյուրին չէր:

- Իհարկե, ճանապարհը դյուրին չէր։ Աշխատանքում սեռի և տարիքի վերաբերյալ շեշտադրումների ես հաճախ եմ հանդիպել և հանդիպում: Յուրաքանչյուր անգամ, սակայն, երբ ընդդիմախոսներս սկսում են սեռով և տարիքով պայմանավորված իմ թիրախավորումը, ես հասկանում եմ՝ մասնագիտական բնագավառում այլևս ասելիք չունեն։ Աշխատանքում չկան սեռեր, կա պրոֆեսիոնալիզմ, նվիրում, աշխատասիրություն, տաղանդ։ Ես հրաժարվում եմ ընկալվել որպես վիճակագրություն, ենթարկվել որևէ, այդ թվում՝ դրական խտրականության և ձգտում եմ, որ ինձ հետ աշխատող մարդիկ մոռանան իմ սեռն ու տարիքը։ Այս փիլիսոփայությամբ ես առաջնորդում եմ նաև Դատախազությունում աշխատող երիտասարդ կանանց ու աղջիկներին։

- Դատախազությունը հանրապետության այն կառույցներից է, որից հանրության ակնկալիքներն արդարադատություն իրականացնելու հարցում մեծ է: Եվ, բնականաբար, այս առումով մեծ են նաև դժգոհությունները, մասնավորապես՝ կառույցին հաճախ մեղադրում են քաղաքականացված լինելու համար: Ի՞նչ է անում Դատախազությունը մեր երկրում արդարադատություն հաստատելու հարցում և ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին, արվո՞ւմ են հետևություններ:

- Դատախազությունը սահմանադրորեն ապաքաղաքականացված կառույց է։ Դատախազի՝ բարեվարքության ստուգման կետերից մեկը ապաքաղաքականացված լինելու պահանջի ապահովումն է։ Այսօր հաճախ են հնչում իրավական կոնտեքստից դուրս՝ «քաղաքական հետապնդում», «քաղաքական բանտարկյալ» ձևակերպումները։ Ինչու եմ նշում՝ իրավական կոնտեքստից դուրս, որովհետև, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործության, այդ թվում՝ փողերի լվացման համար մեղադրվող նախկին պաշտոնյան, ում մեղադրանքն ամբողջությամբ ֆինանսական չարաշահումների մասին է, սկսում է հանրային մեղադրանք ներկայացրած կառույցին՝ Դատախազությանը, քննադատել իրեն իբր «քաղաքական հետապնդման» ենթարկելու համար։ Նման քննադատությունները, իմ կարծիքով, մեկ նպատակ են հետապնդում՝ հանրության ուշադրությունը շեղել ֆինանսական մեղադրանքից, դատական նիստը վերածել քաղաքական հայտարարությունների հարթակի, հնարավորինս շրջանցել կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ մեղադրող կողմի հարցադրումները։

Դատախազությունը հարուցում է հանրային քրեական հետապնդում և պաշտպանում է դատարանում մեղադրանքը՝ անկախ մեղադրյալի անձից, ֆինանսական դրությունից, քաղաքական հայացքներից։ Օրենքի առաջ հավասար են բոլորը։

Անդրադառնալով քննադատությունների նկատմամբ Դատախազության մոտեցումների վերաբերյալ հարցին՝ ընդգծեմ, որ մենք շատ ուշադիր ենք կառուցողական քննադատությանը, լուրջ ենք վերաբերվում հանրային կարծիքին, քանի որ գտնում ենք, որ մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Առանձին խմբերի կողմից ուղղորդված թիրախավորումներին մենք հումորով ենք վերաբերվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

426