Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Միլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք իրոք կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերից կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,- նշել է Միլերը:

Նրա պնդմամբ՝ Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում: Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվել տրամադրել մանրամասներ:

«Մենք դեռ համաձայնություն չունենք և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակել է Միլերը:

547