Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ։

Ծրագրի նպատակն է` բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից․

  1. Բժշկական օգնության որակի բարելավում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավում՝ Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ՈՎՀ-ները կանխարգելելու, հայտնաբերելու և վերահսկելու համար՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։

  1. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է ՀՀ առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում՝ անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես՝ դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին՝ բարեփոխումների միջոցառումների միջոցով։ 

  1. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է բարեփոխումների միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ԱՀԱ Ծրագրի բյուջետային տողի համար պետական ֆինանսավորման ավելացում, գործառնական և կառավարման հիմքերի ստեղծում՝ անկախ պետական գնումների կազմակերպության և դրա կառավարման խորհրդի ստեղծման միջոցով՝ հեշտացնելու ԱՀԱ միջոցների էֆեկտիվ եւ արդյունավետ կառավարումը և առողջապահական ծառայությունների ռազմավարական գնումը, ինչպես նաև առողջապահական նպաստների փաթեթի արժեքի և վերանայման գնահատման գործիքի մշակում:

428