Ադրբեջանը միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային և պատմական ժառանգությունը, գրում է ֆրանսիական առաջատար թերթերից մեկը՝ «Le Figaro»-ն՝ վկայակոչելով Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի (ECLJ) զեկույցի արդյունքները։
Այս հինգշաբթի հրապարակված զեկույցում Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը մանրամասնում է արբանյակային պատկերների հիման վրա 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանում հայկական ժառանգության օբյեկտների անհանգստացնող անհետացումները կամ ոչնչացումը: Լեռնային Ղարաբաղի հազարամյա ժառանգությունը վտանգի տակ է: Սա ոչ միայն 100.000 հայերի վախն է, որոնք լքել են իրենց հողը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո, այլև իրականություն է՝ եզրակացության է եկել Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը. գրում է Le Figaro-ն։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, որը հնագույն ժամանակներից ի վեր գրեթե շարունակաբար բնակեցված է հայերով, ունի մոտ 500 մշակութային վայր, որոնք պարունակում են հայկական ժառանգության մոտ 6000 մասունքներ: 2020 թվականի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե 70%-ն արդեն անցել է Բաքվի լծի տակ։ 2023 թվականի սեպտեմբերին ամբողջ տարածքը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը մշտապես մերժել է օտարերկրյա դիտորդների մուտքը մշակութային վայրեր՝ չնայած Հայաստանի և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքներին»,- նշել է պարբերականը։
Այսպիսով, հետազոտողների և կազմակերպությունների կողմից հավաքված արբանյակային պատկերների օգնությամբ Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը կարողացավ ստեղծել ավերված եկեղեցիների, անհայտ կորած արձանների կամ ավերված գերեզմանոցների ճշգրիտ գույքագրում: