
Ադրբեջանական «Կալիբեր» լրատվամիջոցը ներքին քարոզչության համար մի տեսահոլովակ է պատրաստել, որի հիմնական թեզն այն է, թե Հայաստանը չի կարող վերահսկել իր տարածքով՝ մասնավորապես Սյունիքով անցնելիք ճանապարհը։ Լրատվամիջոցը հիշեցնում է Նոյեմոերի 9-ի եռակողմ հայտարարությունը և պնդում, թե Հայաստանը դրանով պարտավորվել է ռուսներին տալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը, այնինչ՝ բազմիցս հայկական կողմը հայտարարել է, որ նման պարտավորություն չի ստանձնել ո՛չ գրավոր փաստաթղթով, ո՛չ բանավոր՝ բանակցություններում։
Սեփական հանրությանը ստով ու կեղծիքներով կերակրող այդ քարոզչամեքենան պնդում է, որ եթե անգամ Հայաստանը հսկի այդ ճանապարհը, ապա ի վիճակի չի լինի ապահովել դրա անվտանգությունը, քանի որ իբր էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ Հայաստանում ատելություն կա մարդկանց նկատմամբ։
Ադրբեջանական այս քարոզչությունը իրականացվում է ռուսերեն լեզվով, որի նպատակը նաև հայ հանրությանը ճնշելն է, բայց նման եղանակով ադրբեջանական իշխանությունները դժվար թե իրական դարձնեն իրենց վաղեմի երազանքը ու «միջանցք» ստանան, որովհետև Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ՀՀ սահմանները, տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, որ պաշտպանվելու է ցանկացած գնով։
ՀՀ տարածքով անցնող ճանապարհները պետք է հսկվեն հայկական համապատասխան անվտանգության ու մաքսային ծառայությունների կողմից, ինչը անգամ քննարկման ենթակա լինել չի կարող։ Ու Ադրբեջանում որքան էլ ունենան օրինակ՝ Թուրքիայի կամ Ռուսաստանի աջակցությունը՝ շատ լավ գիտակցում են, որ պետք է հաշտվեն միջազգային հանրության կողմից ընդունելի մեկ տարբերակի՝ ՀՀ վարչապետի և կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ, որը վաղ թե ուշ իրականություն է դառնալու Հայաստանի կողքին կանգնած իրական դաշնակիցների անվտանգային ու տնտեսական աջակցության շնորհիվ։