Մինչ ՀՀ-ում ժողովրդավարական ուժերի հարթակն առաջարկում է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, ռադիկալ ընդդիմությունն էլ հեգնում ու ժամանակավրեպ, վտանգավոր է համարում նման «եվրո-օրակարգը», Մարիա Զախարովան էլ հրապարակավ արտահայտում է իր հոգեկան ցնցումները, որոնց հարուցման պատճառը ԵՄ-ի կողմից ՀՀ-ին 10 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումն է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակում է իր եվրովոյաժը հեռավոր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին գրում է civic.am-ը:
Ինչպես ավետում է ՀՅԴ պաշտոնական կայքը՝ ընկեր Իշխանը աշխատանքային այցով այս օրերին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր, գործադիր տարբեր պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքական շրջանակների հետ։ Ընդդիմադիր գործիչը հանդիպել է մասնավորապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ, շնորհակալություն հայտնել «Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար»: «Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկայացրել է տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները»,-Սաղաթելյանի եվրոպական այցի վերաբերյալ մասնավորապես նշել է ՀՅԴ պաշտոնական կայքը և հավելել՝ Սաղաթելյանը խոսել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրի մասին և այդ հարցում կարևորել «Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը»։
Հատկանշական է, որ դաշնակցական գործիչը, որի կուսակցությունն ու ռադիկալ ընդդիմությունն առհասարակ գուժում են առաջիկայում ՀՀ-ին պատուհասելիք մարտահրավերների՝ ընդհուպ պատերազմի մասին, և խոստանում են աշնանը վերսկսել փողոցային պայքարը, հայրենիքի դարդ ու ցավերը շալակել, «ցուպը ձեռքն առել» ու հասել է ոչ թե ռազմավարական դաշնակից ՌԴ, այլ... Եվրոպա և ԵՄ խորհրդարանականների հետ է կիսվել «մեզ տանջող ցավերով», նրանցից ակնկալել միջամտություն ու ճնշումներ Ադրբեջանի վրա։ Դավադրապաշտական տեսության սիրահարները, ենթադրաբար, սա կմեկնաբանեին որպես ՀՅԴ-ի «վեկտորալ փոփոխություն», ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու անհեռատեսություն և նման այլ՝ անհեթեթ որակումներ կտային։
Ակնհայտ է, որ Արցախում ռուսական ներկայության թողտվությամբ տեղի ունեցած էթնիկ զտումից և Արցախի հանձնումից հետո նույնիսկ անուղղելի պրոռուսական սուբյեկտներն են ստիպված ընդունել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում պետք է միջնորդական ջանքեր ակնկալել ոչ թե «տավարիշչ» Պուտինից, այլ՝ ԵՄ-ից և հավաքական Արևմուտքից։ ՌԴ-ն, ընկեր Իշխանն ու նրա կուսակցությունն էլ կհամաձայնեն, չունի կամք և կարողություն Ադրբեջանի վրա ազդելու, առավել ևս՝ որևէ հարցով ճնշումներ բանեցնելու, այդ թվում և իր անգործության հետևանքով Ադրբեջանի կողմից առևանգված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման։ Հետաքրքիր է՝ ՀՀ վերադառնալուց հետո ընկեր Իշխանին կհրավիրե՞ն Կոպիրկինի ընդունարան՝ այցի տպավորություններով կիսվելու, ինչու չէ՝ նաև բացատրություններ տալու համար։