Այնպիսի տպավորություն է, որ պարտադրված հրադադարից հետո մենք ռազմական գործողությունները տեղափոխել ենք Հայաստանի տարածք,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ հսկայական անելիքներ կան թե´ քաղաքական դաշտի ներդաշնակության կառուցման, թե´ չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ։ Պետք է փրկել զինված ուժերի փշրանքները, «որովհետև առանց դրա մյուս մարտահրավերները, որոնք, ես չգիտեմ, վաղն է լինելու, մեկ տարի հետո, թե երկու տարի անց մենք պետք է լրջորեն պատրաստ լինենք»,- հայտարարեց Քոչարյանը:

 

«Պատերազմում շատ զոհեր ենք տվել, ընդ որում՝ 90-ականների ամբողջ ընթացքում ոչինչ չենք ունեցել. ո´չ Լաչին, ո´չ Շուշի, ո´չ էլ Ղարաբաղի մեծ մասն ենք ունեցել,  զինված ուժեր չենք ունեցել, բայց Վազգեն Սարգսյան ենք ունեցել, ինչ-որ պահի քաղաքական հանդուրժողականություն ենք ունեցել և նպատակ ենք ունեցել, որ Արցախը պետք է միանա Հայաստանին»,- ասաց հանձնաժողովի նախագահը, համոզմունք հայտնելով, որ կգա պահը խոսելու պարտության պատճառների, իշխող կուսակցության եւ իր ղեկավարած հանձնաժողովի բացթողումների մասին, կքննարկվեն՝ կայի՞ն քաղաքական լուծումներ, կամ ի՞նչը խանգարեց:

Անդրանիկ Քոչարյանը խոստացավ  նախաձեռնել շատ լուրջ քննարկումներ հենց պաշտպանության հանձնաժողովի մասնակցությամբ:

1012