Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«Սիրելի ուսուցիչներ և սովորողներ,

Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Այս օրվա խորհուրդը առանձնանում և կարևորվում է բոլորիս համար՝ որպես կրթության և գիտության նշանակության վերահաստատման պահ։

Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել մեր հասարակությունը և կայացնել մեր պետությունը։ Այսօր, երբ արագընթաց կերպով փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ և մարտահրավերներ են բացվում, առավել քան երբևէ կարևոր է, որ շարունակաբար ջանքեր գործադրենք մեր կրթական համակարգը զարգացնելու համար։

Մեր աշակերտներն ու ուսանողները ապագայի առաջնորդներն են, և նրանց մեջ ներդրված ամեն մի գիտելիք ու հմտություն արժեքավոր ներդրում են մեր պետության ու հասարակության հաջողության կայացման գործում։

Մեր աներկբա առաջնահերթությունն ու պարտականությունն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա և երիտասարդ ունենա հավասար հնարավորություն՝ ստանալու որակյալ կրթություն և զարգանալու իր կարողությունների ամբողջականությամբ։

Այս տոնական օրվա կապակցությամբ, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին և կրթական ոլորտի աշխատակիցներին, ովքեր իրենց անսպառ նվիրումով և պրոֆեսիոնալիզմով նպաստում են մեր երիտասարդների կրթությանը և աճին։ Ձեր աշխատանքը անգնահատելի է և արժանի ամենաբարձր պարգևների:

Իմ լավագույն ցանկություններն եմ հղում բոլոր աշակերտներին, ուսանողներին և նրանց ընտանիքներին, մաղթում հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և քաջառողջություն»,- շնորհավորական իր ուղերձում նշել է նախագահը։

336