Գերության մեջ հայտնված զինծառայողները կշարունակեն աշխատավարձ ստանալ ու պահպանել իրենց զինվորական պաշտոնները: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր հանդես եկավ այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ;

 

 

«Գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ»,- ասաց Հայրապետյանը՝ շեշտելով, որ այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որոնց` զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը:

 

Պատգամավորը նաև ընդգծեց, որ օրենսդրական բացի հետևանքով գերեվարված զինծառայողների ընտանիքները սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ինչը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը:

 

«Քննարկվող օրենսդրական նախագիծն ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից հետո գերեվարված բոլոր այն զինվորականների վրա, որոնք գերի են ընկել ռազմական գործողությունների հետևանքով, և այդ փաստը կասկածի տակ չի առնվում»,- քննարկման ժամանակ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Հակառակ դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ պարզելու, թե իրականում ինչ հանգամանքներում է զինվորականը հայտնվել հակառակորդի տարածքում»,- բացատրեց փոխնախարարը:

 

 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 71 կողմ ձայներով միաձայն ընդունվեց առաջարկված նախագիծը, իսկ  3 ժամ անց կլինի օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը:

 


 

1205