Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ եթե մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները և մասնագետները դիմած լինեն հավաստագրման, վերալիցենզավորման և լիցենզիայի ներդիրի ստացման համար, ապա նրանց հայտը կդիտարկվի նաև վերջնաժամկետին հաջորդող օրերին՝ մինչև սեպտեմբերի 17-ը սահմանված անցումային կարգի տրամաբանությամբ։

Ընդ որում, նույնիսկ եթե հայտն անհրաժեշտության դեպքում ուղարկվի խմբագրման, և 5-օրյա ժամկետում կազմակերպությունը կամ մասնագետը ներկայացնի անհրաժեշտ տվյալները, ապա պահանջներին բավարարող հայտը կհաստատվի, մասնագետը կստանա հավաստագիր, իսկ կազմակերպությունը՝ ներկայացված դասին համապատասխան լիցենզիա և կկարողանա շարունակել գործունեությունը։

Մինչդեռ պահանջներին չբավարարող հայտերի մերժման դեպքում հին լիցենզիան կդադարի գործել։

«Ուստի հորդորում ենք հայտը լրացնելիս ուշադիր լինել ներկայացվող տվյալներին՝ հատկապես ճիշտ ընտրել դասը և ներկայացնել տվյալ դասին համապատասխան կատարված աշխատանքներ։

Ուշադրությո՛ւն, սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն անցումային փուլի ավարտից հետո գործելու են ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները ( https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186529 )։

Տեղեկացնում ենք նաև, որ նպատակ ունենալով աջակցելու ոլորտի ներկայացուցիչներին urban.e-gov.am հարթակով հավաստագրման և լիցենզավորման գործընթացներում՝ Քաղաքաշինության կոմիտեն այսուհետ իրազեկման հանդիպումներ կկազմակերպի շաբաթական 2 անգամ՝ մեկի փոխարեն։ Հանդիպումները տեղի կունենան չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 15։00-17։00-ին, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (Կառավարական տուն 3, 1-ին հարկ)։
Մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում ( https://urban.e-gov.am/…/cert_specialist_appointment/info )»,-ասվում է հաղորդագրությունում:

201