Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեքսիկա կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո Ֆերնանդես Նոռոնյայի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեխանդրո Մուրատ Ինոխոսան, Մեքսիկայի սենատոր, Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոն:
Հակոբ Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը, ինչով և պայմանավորված է երկրի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողություններին իր մասնակցության հանգամանքը:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Սենատի նախագահ Խերարդո Նոռոնյան իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության սերտացման ուղղությամբ, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մեքսիկայի Սենատի՝ 2023 թվականին ընդունած հայտարարությանը՝ նշելով, որ Մեքսիկան կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման և հնարավոր նոր հանցագործությունների կանխարգելման գործում:
Հակոբ Արշակյանը հայկական կողմի գնահատանքն է հայտնել հայտարարության ընդունման առնչությամբ՝ նշելով, որ այդ քայլով Մեքսիկան, ի թիվս քաղաքակիրթ այլ երկրների, վերահաստատել է համամարդկային արժեքների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության նկատմամբ իր վերաբերմունքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցեր: ԱԺ փոխնախագահը մեքսիկացի իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն ու զարգացումները: Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում Մեքսիկայի ներկայացուցչի բալանսավորված և արդար դիրքորոշման ու ելույթների համար:
Խերարդո Նոռոնյան իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին և հույս հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն արդյունավետ կլինի, ու բոլոր տարաձայնությունները շուտափույթ հանգուցալուծում կստանան՝ տարածաշրջանում ապահովելով երկարաժամկետ ու կայուն խաղաղություն:
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում:
ԱԺ նախագահի տեղակալն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել նաև Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն անկաշկանդ և ջերմ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-մեքսիկական բազմաբնույթ համագործակցության հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Հակոբ Արշակյանը պատասխանել է ներկաների հարցերին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն առնչվող գործընթացը:
Մեխիկոյում գտնվելու ընթացքում ԱԺ նախագահի տեղակալն այցելել է Հայաստանի դեսպանություն, ինչպես նաև հարցազրույց է տվել մեքսիկական հեղինակավոր «El Universal» պարբերականին: