
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Araratnews-ին հայտնեց, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տուն հասցեի հարակից հատվածում բարդի տեսակի թվով 45 հատ ծառ է ապօրինի հատվել։
«Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 3-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասով (ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան դիմաց կատարվել է դեպքի վայրի զննություն։ Արձանագրվել է, որ տան պարսպի երկայնքով՝ մոտ 0.5 մետր դեպի դուրս հեռավորության վրա, առկա են 45 հատ բարդի տեսակի կտրված ծառեր։ Պարզվել է, որ ծառերը, որոնք, նախնական տվյալներով, գտնվել են համայնքապատկան հողատարածքում, կտրվել են նշված հասցեի բնակչի կողմից՝ բանվորների միջոցով։ Վերջինս կատարվածի առնչությամբ տվել է ցուցմունք։
Դեպքի վայրի զննությամբ վերցվել է էլեկտրական սղոցը, իսկ կտրված ծառերը տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին»։
Աբրահամյանը հայտնեց, որ նշանակվել է դատաբուսաբանական փորձաքննություն. նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է բարդի տեսակի ծառ, որի վնասի չափը 1 մլն 590 հազար դրամ է: