Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այլ երկրի կողմից տրված վարորդական իրավունքի կեղծ վկայական։
Հոկտեմբերի 5-ի առավոտյան Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Առինջ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդի վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։
Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 7-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Շեվրոլե» մակնիշի մի ավտոմենքենա։
Բալահովիտ համայնքի բնակիչ 27-ամյա վարորդը թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Հոկտեմբերի 8-ին Աշտարակի խճուղում ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Պարեկները 22-ամյա ուղևորի մոտ նկատել են ծալովի դանակ։ Նա սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ, ծալովի դանակ և դեղահաբեր։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Մանրամասները՝ տեսանյութում.