Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ինչո՞ւ է մեր իրականության ու մշակույթի մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում։ Մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը ըստ էության անէանալուց փրկել է՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այսպես շարունակ: Այն ժամանակ պետություն չենք ունեցել, բայց հիմա մենք պետություն ունենք, որը պարտավոր է այս մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացնել, և եթե մեզ թվում է, որ այսօր չունենք այդպիսի կորսվող ոչ նյութական արժեքներ, մենք չարաչար սխալվում ենք»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նաև նկատեց՝ ոչ նյութական կարևոր արժեք է մեր խոհանոցը, և երբ մենք տարբեր գյուղեր ենք այցելում, այնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են:
«Հետո հնարավոր է ինչ-որ այլ առիթով մտնել 3 կիլոմետր այն կողմ գործող ռեստորան, ասել՝ էս ճաշատեսակից ունե՞ք, ու իրենք ասեն՝ դա ի՞նչ է, ու նման մի քանի դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որպեսզի մենք մրցութային ծրագիր իրականացնենք, մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով՝ հավաքագրեն, որովհետև ամեն բնակավայրում կա՛մ յուրահատուկ բաղադրատոմս, կա՛մ յուրահատուկ ուտեստ կա, բայց նպատակը դրա արխիվացնելը չի, այլ առաջարկելը, որ տարբեր սննդի օբյեկտներ դրանք իրենց ճաշացանկերում ներառեն»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ հաջորդ շատ մեծ մշակութային շերտը, որ կորսվում է վերջին տասնամյակներում, դա խաղերն են. «Այն խաղերը, որոնք ժամանակին երեխաները խաղում էին բակերում և փողոցներում, բայց մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են, հետո տասնամյակներ անց՝ ՀՀ գիտահետազոտական կենտրոնները միլիոններ են ծախսելու, որպեսզի դրանք պատառ-պատառ վերականգնեն:
Դա չափազանց կարևոր ինֆորմացիա է, որովհետև հանրային մտածողության և ընկալումների մի զգալի մասը ձևավորվում է այդ տրամաբանության մեջ»:
Վարչապետի խոսքով՝ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն փաստագրենք ոչ նյութական արժեքները, այլև փաստագրենք այնպես, որ դա հանրությանը հասանելի լինի. «Այսինքն մեր խնդիրը այս արժեքները հնարավորինս հասանելի դարձնելն է»: